Monday, July 2, 2012

«Հարսնաքարը» պայթեցնելը հերոսություն չէ՞

Այն, ինչ փորձեց անել ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը` ես կբնութագրեմ որպես վրեժ, արդարացի
բողոքի և ըմբոստության արտահայտում, հայ մարդու վրեժ հայ մարդու` իր արյունակցի համար, վրեժ, որ կարող է ծնվել յուրաքանչյուր հայ մարդու մեջ` ակնհայտ անօրինականության և դաժանության դեմ ըմբոստանալու մղումից: Իհարկե, նախևառաջ պատժողը պետք է օրենքը լինի, բայց եթե օրենքը թերանում է, չի պատժում` այդ դեպքում բնականորեն մարդու մեջ առաջ են գալիս վրեժի միջոցով պատժելու մղումները: ՀՀ քաղաքացի, ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը չի կարող հանցագործ լինել: Բայց նրան հիմա կդատեն: Սա այն պահն է, երբ բարոյականը հակասում է իրավականին, իրավական տեսանկյունից կա անօրինական գործողություն, բարոյական տեսանկյունից` արդարության վերահաստատման, հայրենակիցներին պաշտպանելու ձգտում: Ժամանակին ՀԱՀԳԲ-ի (ASALA) տղաները Հայաստանից դուրս նույնպես խախտում էին օրենքը` սակայն ի նպաստ ազգի, պատժում էին ազգի արտաքին թշնամիներին: Եվ եթե այլ երկրների իշխանությունները նրանց որակում էին որպես ահաբեկիչներ, ապա մեզ համար նրանք դարձան ու կմնան հերոսներ: Ազգի թշնամին ոչ միայն արտաքին է լինում, այլև ներքին, որն ավելի վտանգավոր է` ազգի տականքը: Այստեղ տեղին եմ համարում մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մարդկային ազգը տառապել է եւ կը տառապի իր տականքների երեսից: Իրենց տականքները - ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները - ահա՛ ազգերի գոյութիւնը յաճախ եւ յաճախ դժոխքի վերածող ամենազօրեղ ազդակը»: Եթե ASALA-ի հայ վրիժառուները պատժում էին դրսի տականքներին, ապա Վարդան Սամվելյանը փորձեց նույնը անել ներսի տականքների հետ: Հիմ ո՞վ է Վարդան Սամվելյանը` թող յուրաքանչյուրս անի իր հետևությունը: Այլ հարց է, թե ինչպե՞ս պետք է դատեն ՊՆ փոխգնդապետին: Առաջնորդվելով միայն իրավականով և մի կողմ դնելով բարոյակա՞նը: Մի՞թե իշխանությունը չպետք է գիտակցի իր մեղքի բաժինը, որ անպատժելիության հետևանքն է, որ մարդկանց մղում է վրեժի: Երբ 1981թ. Փարիզում ՀԱՀԳԲ-ի հայ վրիժառուներն իրականացրեցին հայտնի «Վան» գործողությունը, որից հետո տեղի ունեցավ իրենց դատը, դատական նիստին ներկայացել էր նաև Ֆրանսիայի ազգային հերոս` հայազգի Մելինե Մանուշյանը, ով հայտարարել էր, որ այս տղաներն իրենց ազգի համար արել են այն, ինչ ինքը ժամանակին արել էր Ֆրանսիայի համար, և եթե նրանք պետք է որակվեն որպես ահաբեկիչ, ուրեմն թող իրեն էլ ահաբեկիչ անվանեն: Դատարանը հայ վրիժառուների հանդեպ կայացրեց հնարավորինս մեղմ վճիռ: Հիմա ո՞վ պետք է պաշտպանի Վարդան Սամվելյանին` իր դատավարության ժամանակ: կարծում եմ, պաշտպանողը պետք է մենք լինենք, մեզանից յուրաքանչյուրը պետք է ասի իր խոսքը: Մեր կարծիքների ամբողջությունը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, կարող է եղանակ փոխել, կարող է ազդել դատավարության ընթացքի վրա: Վարդան Սամվելյանը զինվորական է, սպա, ՀՀ քաղաքացի, Հայ մարդ: Վարդան Սամվելյանը չունի հաստավիզ «ախռաննիկներ» և ի տարբերություն օլիգարխների` այնքան քաջ ու համարձակ է, որ նման գործողության գնաց ինքուրույն, այլ ոչ թե ուղարկեց ինչ-որ հաստավիզ ստրուկների: Հիմա ինչպե՞ս պետք է դատեն նրան, չէ՞ որ ազնիվ սպան չունի այն հաստավիզ քավության նոխազներին, ում վրա կբարդի ամեն ինչ, կուղարկի բանտ նստելու և ինքը ջրից չոր դուրս կգա: Այո, չունի, և հենց դրանում է նրա առավելությունը: Նաև չունի իրեն պահող և իր մեջքին կանգնած օլիգարխներ: Սակայն Վարդան Սամվելյանը կարող է ունենալ ավելի հզոր մեջք` հայ հասարակությունը, հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիները, ովքեր, հուսով եմ, անտարբեր չեն մնա: Կարեն Վարդանյան 01.07.2012 Slaq.am-ի գլխավոր խմբագիր

No comments: