Tuesday, July 3, 2012

Ծեծի մշակույթ, պրակտիկա ու քաղաքականություն

«Լրագիր» 3-7-2012- Հարսնաքարի ողբերգությունը հասարակության մեջ արժանացավ միասնական դատապարտման, բայց միեւնույն ժամանակ նաեւ տարբեր տեսանկյունից արված դիտարկումների: Դրանց մեջ է նաեւ այն մոտեցումը, որ ծեծը որպես երեւույթ Հայաստանի հասարակական շերտերում լայնորեն տարածված է, եւ այն հարց լուծելու այսպես ասած ժողովրդական տարբերակ է, որը շատ հաճախ ավարտվում է ոչ պակաս ողբերգական ձեւով, քան օլիգարխների թիկնապահների դեպքում: Օրինակ, վերջերս 100 դրամի համար ծեծեցին ու սպանեցին երթուղայինի վարորդին՝ իր նման վարորդները: Դրա կապակցությամբ կամ ուղղակիորեն, կամ այսպես ասած անուղղակի՝ օդում թեւածում է մի հարցադրում, թե ինչու հասարակությունը նման դեպքերում չի ընդվզում, իսկ օլիգարխների թիկնապահների դեպքում ընդվզում է: Այդ հարցադրումն էլ հաճախ հիմք է դառնում պնդումների համար, թե հարցը պարզապես քաղաքական շահարկումն է, քաղաքականացումը: Իրականում, համարժեք թվացող համեմատություններն այդքան էլ համարժեք չեն, ու միանգամայն բնական է, որ երթուղայինի վարորդների միջեւ տեղի ունեցած, թեկուզ ողբերգական ու մահացու ծեծի հետեւանքով հասարակությունը չի ընդվզում, ասենք չի պահանջում երթուղայինի վարորդներին դուրս հանել գծից, իսկ օլիգարխի թիկնապահների դեպքում պահանջում է օլիգարխի հեռացում ասենք Ազգային Ժողովից: Բանն այն է, որ չնայած այսպես ասած մշակութային խորքային միասնականությանը, այդ դեպքերը միմյանցից զգալիորեն տարբեր են պրակտիկ իրականության մեջ: Եթե երթուղայինի վարորդների ծեծկռտուքի դեպքում նրանք այսպես ասած ինքնավար ռեժիմում են, ապա օլիգարխի թիկնապահների պարագայում նրանք այսպես ասած գտնվում են “աշխատանքային” ռեժիմում: Այսինքն, ծեծելը վարորդների գործը չէ, գուցե բնույթն է, իսկ ահա թիկնապահների դեպքում “գործի” հետ գործ ունենք, հետեւաբար գործ պետք է ունենանք գործատուի հետ, այդ բառի նաեւ սեփականատեր իմաստով: Թիկնազորի պահվածքը թելադրված է գործատուի պահանջներով, եւ եթե նրանք մարդ են ծեծում ու սպանում առանց մտածելու, որ գործատուն կարող է դժգոհել սպանության կապակցությամբ, ուրեմն նրանք կամ մտածելու ընդունակ չեն՝ իսկ դա նշանակում է, որ գործատուին պետք չեն մտածող մարդիկ, այլ պետք են ծեծող ու սպանող մեքենաներ, կամ էլ գործատուն նրանց բացարձակապես չի ներկայացրել ծեծելով մարդ չսպանելու պահանջ: Դրանից բացի, այստեղ խնդիրը նաեւ հասարակական կառուցվածքն ու փոխհարաբերություններն են, հասարակական կյանքի էվոլլյուցիոն մեխանիզմները: Դրանցում երթուղայինի վարորդը այսպես ասած սպառող է, իսկ օլիգարխը՝ պահանջարկ ձեւավորող, որովհետեւ նա գտնվում է այնպիսի շերտում, որը տնօրինում է հասարակական ու պետական կյանքի զգալի լծակներ եւ ուղակիորեն պատասխանատու է այդ կյանքի որակի համար: Նա հանդիսանում է այսպես կոչված “էլիտայի” մաս, իսկ հասարակական մշակույթի, փոխհարաբերությունների արժեքային համակարգի վերափոխման համար պատասխանատու են լինում էլիտաները, ինչը Հայաստանի դեպքում անկասկած պետք է վերցնել չակերտների՝ շատ հաստ չակերտների մեջ: Ահա այդ իմաստով, միանգամայն տրամաբանական է, որ հասարակությունը պետք է շատ ավելի լուրջ պահանջներ ներկայացնի, բողոք ներկայացնի, ընդվզում ցուցաբերի օլիգարխի թիկնապահների դեպքում, որովհետեւ այստեղ խոսքը հենց այդ էլիտայի պատասխանատվության մասին է՝ լինի այն չակերտավոր, թե առանց չակերտի: Գուցե պարզունակ հնչի, բայց եթե դաստիարակվի երթուղայինի վարորդը, ապա դա որեւէ կերպ չի անդրադառնալու օլիգարխի եւ նրա թիկնապահի դաստիարակության վրա, իսկ ահա հակառակը կարող է դառնալ հասարակական մշակույթի եւ արժեքների վերափոխման արդյունավետ օրինակ եւ անդրադառնալ նաեւ, օրինակ, երթուղայինի վարորդների վրա: Հետեւաբար, այստեղ Ռուբեն Հայրապետյանի դեմ պահանջները ոչ թե քաղաքականացում են՝ այդ բառի “շահարկում” իմաստով կամ ենթատեքստով, այլ հասարակական կառուցվածքի, հասարակական եւ պետական զարգացման մեխանիզմի բնականոն տրամաբանության դրսեւորման եզակի օրինակ, որը պետք է ողջունվի եւ խրախուսվի: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: