Tuesday, July 3, 2012

Ենթադրվում է, որ օլիգարխիան դրանով կհեռանա ինքնաբերաբար:

«Լրագիր» 3-7-2012- Այն, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, թերեւս քննարկելու առարկա չէ, այն պարզ պատճառով, որ պետք է հեռանա ընտրակեղծիքով եւ հատկապես քաղաքացիների կյանքի գնով նախագահ դարձած ցանկացած նախագահ: Իսկ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել 2008 թվականի կեղծիքի, բռնության, քաղաքացիների գնդակահարության գնով: Եվ այստեղ, իհարկե, առնվազն տարօրինակ կլինի ասել, թե օլիգարխիան պետք է հեռանա, իսկ Սերժ Սարգսյանը պետք է մնա: Պետք է հեռանան երկուսն են: Բայց, հարցերը իհարկե պետք է դիտարկել ոչ միայն միտինգային կարգախոսների, այլ պրակտիկ քաղաքականության եւ քաղաքացիականության տեսանկյունից: Այդ տեսանկյունից դիտարկման դեպքում ակնհայտ է, որ երկուսի հեռացման պոտենցիալ ներկայում չկա, չկա նաեւ Սերժ Սարգսյանի հեռացման պոտենցիալ: Փոխարենը, հասարակությունն ունի օլիգարխիայի ամենաթողությունը սահմանափակելու իրական հնարավորություն: Չօգտվել այդ հնարավորությունից եւ ասել, թե հարցը պետք է լինի Սերժ Սարգսյանի հեռացումը, նշանակում է պայքարել արձանի դեմ, խնայելով պատվանդանը: Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը հիշեցնում է պատվանդանի վրա կանգնած արձան: Արձանը նախագահն է, որը հենվում է պատվանդանի՝ օլիգարխիայի եւ քրեական տարրերի վրա: Քանդելով կամ հեռացնելով արձանը, հնարավոր չէ փոխել շատ բան, որովհետեւ պատվանդանն ինքնին ինքնաբավ մի համակարգ է, որն ի զորու է ինքը լուծել իր վրա կանգնելիք արձանի խնդիրը: Հետեւաբար, մտածել, թե միայն Սերժ Սարգսյանին հեռացնելով, հնարավոր է լինելու չեզոքացնել նրան սպասարկող քրեաօլիգարխիկ համակարգը, թերեւս մոլորություն է: Այդ համակարգը բաղկացած է կիսագրագետ, երբեմն անգրագետ, ինտելեկտից զգալիորեն հեռու «օդիոզ» կերպարներից, բայց նրանք գրեթե անթերիորեն պատկերացնում ու հասկանում են, գիտակցում են սեփական շահը, նաեւ շատ լավ զգում են սեփական շահը: Նրանց համար էական չէ, թե ով է պատվանդանի վրա, որովհետեւ էականը նրանց համար պատվանդանն է, այսինքն իրենք, իրենց շահը: Փոխարենը, քանդելով կամ թուլացնելով պատվանդանը, զգալիորեն թուլանում է դրա վրա կանգնած արձանը, հայտնվում հասարակությունից առավել զգալի կախվածության մեջ, ստիպված լինում ոչ միայն քրեաօլիգարխիկ պատվանդանին, այլ նաեւ ինչ որ առումով հասարակությանն ընդառաջ գնալ տարբեր զիջումների տեսքով: Եթե չկա Հայաստանում համակարգային խնդիրները լուծելու փաթեթային հնարավորություն, եթե այդ հարցում քաղաքական որեւէ ուժ չի կարողանում արդյունավետ մեխանիզմներ առաջարկել հասարակությանն ու կիրառել դրանք, ապա փաթեթային հարցադրումները ընդամենը դառնում են միտինգային հռետորաբանություն, որից իրավիճակը չի փոխվում ոչնչով: Ավելին, այդ միտինգային հռետորաբանությունն ավելի է ամրացնում օլիգարխիային, արձանին ավելի մեծ կախվածության մեջ է գցում քրեաօլիգարխիկ համակարգից, այդ համակարգը դարձնելով առավել սանձարձակ եւ անկառավարելի: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: