Thursday, July 19, 2012

Առաջատար միջազգային լրատվամիջոցները` Ղարաբաղում ընթացող ընտրությունների մասին

News.am. 19-7-2012- Լեռնային Ղարահաղի հանրապետությունու, այսօր` հուլիսի 19-ին, նախագահական ընտրություններ են տեղի ունենում, որոնք լուսաբանում են նաեւ համաշխարհային առաջատար լրատվամիջոցները: Ինչպես գրում է Associated Press գործակալությունը, «ընտրությունները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա եւ դժվար թե ազդեն ԼՂ կարգավիճակի շուրջ կոնֆլիկտի վրա, որը ձգվում է արդեն երկու տասնյակ տարի»: «Բոլոր երեք թեկնածուները հանդես են գալիս տարածքի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության օգտին, սակայն տարբեր դիրքորոշումներ ունեն տնտեսական հարցերում»,-գրում է Associated Press-ը: Իր հերթին, Բրիտանական BBC-ն մեջբերում է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի խոսքը, ով հայտարարել է, որ ընտրությունները տեղի կունենան օրենքի համապատասխան: «Մենք կարող ենք ասել, որ մեր եւ ժողովրդավարական Եվրոպայի միջեւ չկան տարբերություններ»,-հայտարարել է նա Reuters-ին տված հարցազրույցում: France-Presse գործակալությունն ընդգծում է, որ ղարաբաղյան ընտրություններում, որտեղ մրցակցում են գործող նախագահ Բակո Սահակյանն ու գեներալ Վիտալի Բալասանյանը, հիմնական հարցը Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, անվտանգությունը եւ տնտեսական պայմանների բարելավումը: «Քվեարկությունը, որն Ադրբեջանի եւ միջազգային հանրության այլ անդամների կողմից համարվում է ոչ լեգիտիմ, համարվում է ընտրություն ստատուս-քվոյի, որը մարմնավորում է գործող նախագահ Բակո Սահակյանը, եւ քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական բարեփոխումների միջեւ, որի օգտին հանդես է գալիս պաշտպանության նախկին փոխնախարար եւ պատերամի հարգելի հերոս Վիտալի Բալասանյանը»,-գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: