Sunday, July 1, 2012

Մինսկի խումբն արդեն ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան խնդիրը. Թոմաս դե Վաալ

Tert.am. 1-7-2012- ԵԱՀԿ Մինսկի խումբը թեև ղեկավարում է ղարաբաղյան գործընթացը, սակայն այլևս ի վիճակի չէ լուծել խնդիրը: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը: Նրա խոսքով` Մինսկի խումբը ստեղծվել է 20 տարի առաջ, իսկ այսօր արդեն այն չի արտացոլում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում այս տարիների ընթացքում: «Պետությունները դարձել են առավել ուժեղ, պոտենցիալ հակամարտության տարածաշրջանային մասշտաբներն ավելի են ընդարձակվել, Եվրամիությունը սկսել է տարածաշրջանում մեծ դեր խաղալ և այլն: Մինսկի խումբը փաստացի անում է ամեն ինչ, որպեսզի գործընթացը դուրս չգա հսկողությունից, սակայն սա արդեն այն գործընթացը չէ, որի շրջանակներում խնդիրը կարող է լուծվել»,- ասել է նա: Ըստ դե Վաալի, թեև միջազգային հանրությունը չի մոռանում ԼՂ խնդրի մասին, սակայն «այսօր այն իր համար երկրորդական է»: Փորձագետի խոսքով` խնդրի չլուծման հիմնական պատճառը հակամարտող կողմերի տարաձայնություններն են: «Եթե հակամարտության կարգավորումը կախված լիներ միայն Վաշինգտոնից, Մոսկվայից ու Եվրոպայից, ապա շահերի շուրջ տարաձայնությունների առկայության դեպքում, կարծում եմ, նրանք կկարողանային համաձայնության գալ»,- ասել է նա: Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսակցություններին` Թոմաս դե Վաալն ասել է, որ դրա հավանականությունը ներկայում քիչ է, քանի որ այն հակամարտող կողմերի շահերից չի բխում, իսկ ռազմական ուժերն էլ գտնվում են քաղաքական խիստ հսկողության ներքո: «Իհարկե, Հայաստանը հետաքրքրված է ստատուս քվոյի պահպանմամբ, քանի որ հաղթել է պատերազմում: Ադրբեջանն ուժեղ պետություն է կառուցում, նոր զինված ուժեր: Այն մեծ միջոցներ է ուղղում երկրի ռազմական կարիքներին, սակայն ներկայում ադրբեջանական կողմը ռիսկի չի գնա»,- ասել է նա` հավելելով, որ որոշ ժամանակ անց իրավիճակը կարող է փոխվել` տարբեր պատճառներով` արտաքին կամ ներքին ճգնաժամից ելնելով: Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքուն ցանկանում է ոչ թե պատերազմով լուծել խնդիրը, այլ ռազմական ծախսերի ավելացմամբ, «որպեսզի Երևանը, զգալով, որ չի կարող այլևս մրցակցել, բանակցային գործընթացում գնա զիջումների»:

No comments: