Monday, July 2, 2012

Վահե Ավետյանի մահը պետք է սթափեցնի մեզ բոլորիս, քանի դեռ ուշ չէ

Zham.am. 2-7-2012- Մի քանի օր է, ինչ Երևանում չհայտարարված համընդհանուր սուգ է: Հայկական
բանակի սպա, մայոր Վահե Ավետյանի դաժան մահն առանց որևէ կոչի, առանց որևէ պաթոսի համախմբել է բոլորին: Չհայտարարված համընդհանուր սգին անմասն մնաց միայն ՀՀԿ-ն` Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Չհայտարարված սուգ Թվում էր, թե հայկական բանակի սպայի ողբերգական մահը պետք է հիմք հանդիսանար, որ երկրում գոնե մեկ օր պաշտոնապես սուգ հայտարարվեր: Դա չեղավ: Սուգ հայտարարողը գնացել էր Կիև` ֆուտբոլ նայելու, ձեռքի հետ էլ, գուցե, ծնունդը նշելու: Նրա թիմակիցները մերթ ընդ մերթ տկարամիտ փորձեր են անում իրենց թիմակցից մեղքը հանելու` “Ռ. Հայրապետյանն ինչ մեղք ունի” “հովվապետական” ձևակերպմամբ: Բոլոր ՀՀԿ-ականների խոսքը մեկն է` հետաքննությունը թող պարզի: Հիշում եք ՀՀԿ-ականներն ինչ էին դարձել, երբ Բուդապեշտում սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Այն ժամանակ չէին ասում, թող հունգարական անաչառա իրավապահները պարզեն բոլոր հանգամանքերը: Չէ, բոլոր ՀՀԿ-ականները առյուծ էին կտրել` Ալիևին էին նստացնում, Բաքուն գրավում: Զորիբալայանները, լևոնիգիթյանները, գառնիկանանյանները պետական հիմնարկներից և բուհերից հանրահավաքի քշվածների առաջ հերոսական ելութներ էին ունենում: Հիմա ՀՀԿ-ականների մոտ պաթոս չկա, հիմա անասնական վախն է` շեֆը չջղայնանա: Մայր Աթոռը Մայր աթոռը կիսաձայն դատապարտելու փոխարեն, պարտավոր էր ավելի անզիջում և հետևողական լինել: Այնպես, ինչպես պարբերաբար լինում է վրաց եկեղեցին: Լռում է նաև հոգևոր վերնախավը: Մի խեղճ այլադավան գտնեն` բոլորով կհարձակվեն: Բայց երբ սպանվում է հայ սպան, նրանք լռում են: Նրանք էլ վախենում են նյարդայնացնել` “ Կոչ եմ անում քվեարկել Ռուբեն Հայրապետյանի օգտին” բառերի հեղինակին: Այս դրվագում մայր աթոռը “մայր կուսակցությունից” առանձնապես չի տարբերվում: Լրատվամիջոցները Մի խումբ “անկախ” լրատվամիջոցներ մի քանի օր է ինչ պահանջում են, որ գործող նախագահը պատժի Ռուբեն Հայրապետյանին` զրկի պատգամավորական մանդատից, «Հարսնաքարը» ձեռքից վերցնի, և այլն: Սակայն երբ նույն Ռուբեն Հայրապետյանի ձեռքերով խլեցին Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի»-ն, նույն «անկախ» լրատվամիջոցները ծպտուն չէին համում սեփականության վերաձևման այս արատավոր երևույթի վերաբերյալ: Նույն այդ լրատվամիջոցները նույնիսկ այս տխուր օրերին առիթը բաց չեն թողնում` ցինիկ համեմատություններ անցկացնել Ռուբեն Հայրապետյանի և այլ գործիչների հետ: Մի քանի տարի առաջ նորընտիր նախագահ Ս. Սարգսյանի ամենամոտ օլիգարխը Ալրաղացի Լյովիկն էր: Հենց նրա հրոսկախումբը իր անմիջական մասնկացությամբ հարձակվեց լրագրող Արթուր Սահակյանի վրա, ու դաժանաբար սպանեց նրա ՀՀԿ-ական ընկերոջը: Հո պատահական չէ, որ Ս. Սարգսյանի ամենամոտ օլիգարխները պարբերաբար հայտնվում են սպանությամբ վերջացող պատմություններում: Այս հրեշավոր զուգադիպության մեջ ի՞նչ կապ ունեն ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը: Այս պատմության հետ իրականում նույնիսկ ՀՀԿ-ն կապ չունի: Մեծ հաշվով, այն 5-6 ՀՀԿ-ականները, որոնք փրփուրները բերաններին արդարացնում են բոլոր այլանդակությունները, ունեն զրո դերակատարում: Շատ ավելի տխուր է այն 5-6 հազար ՀՀԿ-ականների լռությունը, որոնք ամեն ինչ հասկանում են, ամեն ինչ ընդունում են, բայց մեկ ձայն, անհամաձայնության մեկ քայլ չեն հայտնում: Լավ, մեկը չկար ՀՀԿ-ում, խմբակցությունում, որ գնար ցավակցեր Վահե Ավետյանի հարազատներին, գնար մոմավառությանը, գնար հոգեհանգստին` բակում լուռ կանգներ: Հայ սպա է սպանվել. լավ մոռանանք որտեղ և ում կողմից: Բա մեկդ գնար, առանց ճշտելու, հարցնելու, թույլտվություն խնդրելու…: ՀԱԿ-ը գնաց, ԲՀԿ-ն գնաց, Դաշնակցությունը գնաց, բոլորը գնացին, բացառությամբ... ՀՀԿ-ի: Հասարակությունը Խնդիրը ոչ դատաիրավական է, ոչ բարոյական: Խնդիրը երկրում տիրող ցինիկ և անբարոյական մթնոլորտի մեջ է, որի գլխավոր կարգախոսն է դարձել` «մեր դեմ, միևնույնն է, խաղ չկա, և ուրեմն, այս երկրում եմնք ենք ծնում իրավունքը»: Եվ քանի դեռ այս սկզբունքը իշխելու է մեր հասարակության մեջ, միշտ ինչ- որ տեղ մարդեն ծեծելու կամ սպանելու`լկտիության և զոռբայության սկզբունքի համաձայն: Կկարողանա՞նք փոխել այս մթնոլորտը` կվերացնենք նաև այդ սկզբունքը: Հակառակ դեպքում մենք կունենանք տխուր ապագա: Կամ մեզ պարբերաբար կծեծեն մեր սեփական բդեշխները, կամ էլ մենք հավաքական ազգային ծեծ կուտենք` հարևան բդեշխից: Սա է այլընտրանքը: Կարեն Հարությունյան

No comments: