Tuesday, July 3, 2012

Ստորագրահավաք. դիմում են ՈՒԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին` Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար

News.am. 3-7-2012- Change.org համաշխարհային կայքում սկսվել է ստորագրահավաք՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու համար։ ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված նամակում ստորագրահավաքի նախաձեռնողները գրում են. «2012 թ. հունիսի 17-ին միջադեպ է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որը պատկանում է օլիգարխ եւ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ով միաժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։ Մի քանի ռազմական բժիշկներ դաժան ծեծի են ենթարկվել ռեստորանային համալիրի եւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից: Արդյունքում, հունիսի 29-ին երկու երեխաների հայր, 33-ամյա բժիշկ Վահե Ավետյանը մահացել է հոսպիտալում: Անցած տարի լրագրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս դրսեւորել է անհարգալից վերաբերմունք եւ իրեն հայտարարել է օրենքից վեր՝ հրապարակավ ընդունելով, որ ծեծում եւ սպառնում է մարդկանց։ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվում է Վահե Ավետյանի մահվան մեջ ունեցած իր պատասխանատվությունից: Ռուբեն Հայրապետյանն այն մարդը չէ, որ պետք է զբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը, մի մարզաձեւի, որը միավորում է մարդկանց։ Ռուբեն Հայրապետյանը շուտափույթ պետք է հրաժարական տա: ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի հարգելի ղեկավարներ, խնդրում ենք ձեր ձայնը բարձրացնել այս մարդուն ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար»։ Այս պահին ստորագրահավաքին միացել է 1000-ից ավելի մարդ: Պահանջվում է առնվազն 4000 ստորագրություն։

No comments: