Saturday, July 21, 2012

Հայաստանում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարն ազգությամբ հայ է

News.am. 20-7-2012- Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Լիբանանի
գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ: Շնորհավորելով մեր հայրենակցին կարեւոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն, իսկ, Երեւանի ու Բեյրութի միջեւ համագործակցությունն էլ կընդլայնվի: «Հայ-լիբանանական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով եւ արդեն 12 տարի է, ինչ Երեւանն ու Բեյրութը քույր քաղաքներ են: Կարծում եմ, կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված է աշխուժացնել կապերը Բեյրութի քաղաքապետարանի հետ եւ իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր` ենթակառուցվածքների, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,-նշել է քաղաքապետը: Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման համալիր ծրագիրը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ Երեւանում ձեւավորված բիզնես միջավայրը բարենպաստ է ներդրումային ծրագրերի իրականացման համար եւ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ ծրագրեր: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Խաչադուրյանը բարձր է գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերը մայրաքաղաքի բերակարգման ու զարգացման գործում եւ նկատել, որ փոփոխություններն ու ցուցաբերվող հոգատարությունը քաղաքի նկատմամբ ակնհայտ է: Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ համագործակցության ընդլայնման նպատակով Երեւանի եւ Բեյրութի քաղաքապետարանների կողմից ձեւավորված համատեղ աշխատանքնային խումբը քննարկում է մի շարք առաջարկություններ, որոնք առաջիկայում կվերածվեն ծրագրերի եւ կյանքի կկոչվեն:

No comments: