Saturday, July 21, 2012

Գարեգին Բ-ն` Բակո Սահակյանին. Արցախահայության սերն ու վստահությունը Դուք արդարորեն վաստակեցիք

Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո
Սահակյանին` Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Հայրապետական շնորհավորագրի մեջ մասնավորապես ասվում է. «Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ եւ շնորհավորում Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախահայության սերն ու վստահությունը Դուք արդարորեն վաստակեցիք տարիների Ձեր նվիրյալ աշխատանքով` ի խնդիր Արցախի զորացման, նրա աստվածասեր ժողովրդի խաղաղ ու բարօր կեցության: Ձեր ղեկավարության ներքո իր նոր` ազատ ու անկախ կյանքը կերտող Արցախը ընթացավ զարգացման ուղիով, արձանագրվեցին մնայուն հաջողություններ տնտեսական կյանքում, Արցախի հերոսական բանակի զորացման, սահմանների ապահովության գործում, որոնք ամուր երաշխիք են առավել պայծառ ու լուսավոր գալիքի: Վստահ ենք, որ հայրենասեր ու ազգասեր նույն ոգով եւ պետական գործունեության մեջ հարուստ փորձառությամբ շարունակելու եք Ձեր գովարժան գործունեությունը` հանուն մեր ժողովրդի նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտման, Արցախի միջազգային ճանաչման ու անշրջելի առաջընթացի: Մեր աղոթքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ` Ձեր հայրենանվեր առաքելության մեջ, պարգեւի քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարհի եւ հավատավոր արցախահայության»:

No comments: