Saturday, July 14, 2012

Համակարգի ձեռքերն ու Հայաստանը

«Լրագիր» 14-7-2012- ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայկական կոնյակի գործարան է կառուցել Բելառուսում, ու հայկական հեռուստաընկերություններով պտտվում է գործարանի համար Լուկաշենկոյի հիացմունքի եւ Գագիկ Ծառուկյանին հայտնվող երախտագիտության խոսքերի մասին ռեպորտաժը: Կոնյակի գործարանի բացումը ավետող ռեպորտաժից պարզ է դառնում, որ կոնյակը արտադրվեու եւ սպառվելու է Բելոռուսում, ու նաեւ արտահանվելու է Եվրոպա: Սա հետաքրքիր է: Փաստորեն, Բելառուսում բացված գործարանը դառնում է հայաստանյան կոնյակագործության մրցակից: Այսինքն, եթե Բելառուսում արտադրվող հայկական կոնյակը գնալու է Եվրոպա, ուրեմն այնտեղ այդ ապրանքատեսակը մրցակից է դառնում Հայաստանից Եվրոպա գնացող հայկական կոնյակի հետ: Խրախուսելի է իհարկե, երբ հայաստանցի գործարարը նաեւ արտերկրում է ներդրումներ անում: Բայց, եթե այդ ներդրումները ուղղվում են այնպիսի ոլորտներ, որոնք ուղղակի մրցակից չեն հայաստանյան տնտեսության արտադրանքին: Երբ այդ ներդրումներն ուղղակի մրցակից են դառնում Հայաստանի տնտեսության արտադրական, այն էլ կարեւոր ճյուղերին, այստեղ արդեն կարծես թե առաջանում է մտահոգիչ իրավիճակ, որովհետեւ հայաստանյան ձեռնարկություններն այդ ներդրումների հետեւանքով հայտնվում են անբարենպաստ իրավիճակում: Մյուս կողմից, իհարկե, կարեւոր հարց է նաեւ, թե ինչու է ԲՀԿ առաջնորդը լայնածավալ ներդրումներ սկսել արտերկրում: Ինչպես հայտնի է, Ծառուկյանը ներդրումներ ունի Խորվաթիայի զբոսաշրջային բնագավառում, հանքային ջրերի գործարան է գնել Բուլղարիայում, հյուրանոց է գնել Մերձբալթյան երկրներում, կոնյակի գործարան է կառուցել Բելառուսում: Հայաստանյան բիզնես-լրահոսում վերջին շրջանում կարծես թե Գագիկ Ծառուկյանն է այդ առումով առաջատարը՝ արտերկրում ներդրումնել անելու տեսանկյունից: Արդյոք դա հետեւանք է այն բանի, որ ԲՀԿ ղեկավարի հարաբերություններն առավել լավ են արտասահմանյան երկրների քաղաքական ղեկավարների, քան Հայաստանի քաղաքական իշխանության հետ: Մյուս կողմից, իհարկե, չի բացառվում նաեւ տարբերակը, որ Ծառուկյանը պարզապես այսպես ասած լեգալ ներդրումներ է անում արտերկրում, իսկ ահա մյուսները գուցե նրանից շատ, բայց ոչ լեգալ կերպով են Հայաստանից կապիտալ արտահանում եւ ներդրումներ կատարում արտասահմանում: Ի վերջո, կասկած չկա, որ ներկայում միայն Հայաստանով հնարավոր չէ տասնյակ կամ հարյուրավոր միլիոններ կուտակել, որովհետեւ Հայաստանի փակ տնտեսությունն այդ իմաստով զգալիորեն սպառում է իրեն եւ օլիգարխիայի համար դարձել է ոչ գրավիչ՝ քամելու շատ քիչ բան է մնացել: Իսկ օլիգարխիան քչով գոհացող չէ: Ընդ որում, սա ախորժակի հարց էլ չէ, այլ ուղղակի համակարգային բնույթի: Գեր մարդը չի կարող քիչ սնվել եւ իրեն լավ զգալ: Նա պետք է սնվի ըստ իր մարմնի եւ ստամոքսի պահանջների: Նույն կերպ էլ գիրացած եւ ուռճացած օլիգարխիկ համակարգը՝ նա պետք է շատ շահույթ ստանա, այլապես չի կարող դիմադրունակությունը պահել: Դրա համար էլ կասկած չկա, որ միայն Ծառուկյանը չէ, ով արտաքին ներդրումներ է անում եւ կապիտալ արտահանում Հայաստանից: Ավելին, թերեւս միայն Ծառուկյանը չէ, ով արտաքին ներդրումներ է անում ուղղակիորեն այն ոլորտներում, որոնք դառնում են փաստորեն Հայաստանի արտադրությունների անմիջական մրցակիցներ: Պարզապես դրա մասին շատ քիչ է իմացվում, անորոշ է իմացվում, ինչպես օրինակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ավստրիական ներդրման տեսքով, երբ մամուլը գրեց, որ նա մոտ 200 միլիոն դոլարով շոկոլադի հայտնի գործարան է ձեռք բերել Ավստրիայում: ՊԵԿ-ը հերքեց, իսկ ահա Ավստրիայի հյուպատոսարանը բավական հետաքրքրական տեղեկատվություն տարածեց այդ լուրի կապակցությամբ, ներկայացնելով ընդամենը, թե ինչ գործարանի մասին է խոսքը՝ ու ոչ մի խոսք չասելով, թե արդյոք ճիշտ է, թե ոչ, որ Խաչատրյանը գնել է այդ գործարանը: Ու ստացվեց տպավորություն, որ Ավստրիայի հյուպատոսարանի տեղեկատվությունն ավելի շատ ոչ թե գնել-չգնելու մասին էր, այլ այն մասին, թե ինչ գործարան է գնել Խաչատրյանը: Իհարկե, ծավալուն ուսումնասիրության դեպքում կպարզվի հայկական օլիգարխիայի արտաքին ներդրումների շատ ավելի հարուստ պատկեր: Եվ դա հայկական պետության կամ երկու հայկական պետությունների մեղմ ասած անմխիթար պատկերի ֆոնին: Ու խնդիրն այն է, որ հեռացնելով իր կապիտալը Հայաստանից, իշխող օլիգարխիկ համակարգը ոչ միայն «ձեռքից բաց չի թողնում» Հայաստանը, այլ այդ արտաքին կապիտալը ծառայեցնում է Հայաստանն էլ ավելի ամուր բռնելու մտադրություններին եւ ծրագրերին: Այդ տեսանկյունից, ներկայում Հայաստանում երեւի թե ավելի ու ավելի է սրվում տնտեսական այլընտրանքների խնդիրը: Եթե այն, ինչ օլիգարխիայի ձեռքում է, վերցնելը կլինի անհնար, կամ դժվար, եւ ցնցումներով հղի, ապա թերեւս պետք է ավելի ու ավելի մեծ ուշադրություն, միտք, ռեսուրս եւ կամք կենտրոնացնել օլիգարխիայի ձեռքի տնտեսությանը զուգահեռ տնտեսական համակարգեր ձեւավորելու համար, երբ մի օր էլ օլիգարխիան իր համար ափսոսանքով կպարզի, որ Հայաստանն ամենեւին այն չէ, ինչն ինքը այդպես ամուր պահել է իր ձեռքում: Այդ իրողությունը, անկասկած, կթողնի նաեւ իր էական ազդեցությունը քաղաքական իրավիճակի վրա, զգալի փոփոխություններ բերելով նաեւ այդ ուղղությամբ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: