«Լրագիր» 10-7-2012- ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն հակված է իր թեկնածուն ներկայացնել 2013 թվականի նախագահի ընտրությանը, բայց դա ինքնանպատակ չէ, եւ պատրաստ են քննարկել ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել համակարգային իշխանափոխություն: Ընդդիմության միասնական թեկնածուի խնդիրը կարծես թե դառնում է ավելի ու ավելի արդիական, ինչը սակայն ավելի ու ավելի է ակնհայտ դարձնում այդ համատեքստում առկա բարդությունները: Մասնավորապես, Ժառանգության անդամ Զարուհի Փոստանջյանը արդեն հայտարարել է, որ Ժառանգությունը երեք նախագահներից որեւէ մեկին չի աջակցելու եւ կուսակցության թեկնածուն լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հազիվ թե Հովհաննիսյանը հրաժարվի իր թեկնածությունից հօգուտ Կոնգրեսի, ՀՅԴ եւ առավել եւս ԲՀԿ թեկնածուի: Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ պահին սպասել է ավելի քան մեկ տասնամյակ եւ նա 2013 թվականին առաջին անգամ իրավունք ունի առաջադրվել Հայաստանի նախագահի թեկնածու, եւ երեւի թե մինչ այդ քամին սարեր պետք է շարժած լինի, որ Հովհաննիսյանը հրաժարվի իր թեկնածությունը դնելուց: Մյուս կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է շատ պարզ հարց տալ մյուս ուժերին՝ «իսկ ինչու պետք է ինքը չդնի իր թեկնածությունը եւ սատարի նրանցից որեւէ մեկի թեկնածուին»: Այդ ինչ են արել մյուս ուժերը մինչ այժմ, որ չի արել Ժառանգությունը: Եվ կարծես թե ակնհայտ է, որ Հովհաննիսյանի այդ հարցին պատասխան չկա: Միայն Կոնգրեսը կարող է ասել, որ Ժառանգությունն, օրինակ, չի բանտարկվել: Բայց բանն այն է, որ Կոնգրեսի նախագահի թեկնածուն, կամ թեկնածուի հնարավոր ժառանգորդը՝ Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան Լեւոնները, բանտում չեն եղել: Բայց, եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը չմիանա միասնական թեկնածուի հնարավոր նախաձեռնությանը, միեւնույն է, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Կոնգրեսը կարող են իսկապես լուրջ փոփոխություն մտցնել քաղաքական իրավիճակում, եթե միասնական թեկնածու ունենան: Բայց, նրանք հաստատ գիտեն, թե ով չի լինի իրենց միասնական թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց չգիտեն, թե ով կլինի այն: Տեր-Պետրոսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, Վարդան Օսկանյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, թե Վահան Հովհաննիսյանը կամ Արմեն Ռուստամյանը: Հասկանալի է, որ այս ֆորմատում կան հաղթահարելու բազմաթիվ խնդիրներ՝ Կոնգրես-ՀՅԴ տիրույթում, Կոնգրես-Ռոբերտ Քոչարյան տիրույթում, նաեւ Կոնգրես-Վարդան Օսկանյան եւ Կոնգրես-ԲՀԿ տիրույթում, որովհետեւ Կոնգրեսի շարքերում կան անհատներ, գործիչներ, ովքեր ամենեւին երկրորդական չեն եւ հանդես են գալիս ԲՀԿ հետ գործակցության դեմ: Մի բան է այդ գործակցությունը խորհրդարանի ընտրությանն այսպես ասած միասնական շտաբ ֆորմատով, մեկ այլ բան նախագահի ընտրությանը միասնական թեկնածու ֆորմատը: Եթե Կոնգրեսը սատարի ԲՀԿ թեկնածուին, ապա դա թերեւս կլինի իշխանափոխության սկիզբ, բայց ոչ թե Հայաստանում, այլ Հայ ազգային կոնգրեսում: Հետեւաբար, միասնական թեկնածուի հեռանկարը շատ քիչ հավանական է, կամ հավանական է առավելապես ՀՅԴ-ԲՀԿ դաշտում: Բայց, այդ դեպքում միասնական թեկնածուն կորցնում է ստրատեգիական իմաստը, եւ եթե մնան ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ապա այդ նախաձեռնությունը կդառնա միանգամայն ավելորդ: Թերեւս ավելորդ է դիտարկել նաեւ, որ ԲՀԿ-ն կարող է սատարել Կոնգրեսի թեկնածուին: Այդ դեպքում, Դաշնակցությունը կարող է ավելի շուտ Ժառանգությանը, քան ԲՀԿ-Կոնգրես տանդեմին միանալ: Բայց, ԲՀԿ-ն իհարկե խորհրդարանի ընտրությանը Կոնգրեսից մի քանի անգամ ավելի ձայն չի տարել նրա համար, որ մի քանի ամիս անց պաշտպանի Կոնգրեսի թեկնածուին: ԲՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանին կպաշտպանի՝ արտաքին վտանգներին հղում անելով, կամ էլ կմասնակցի սեփական թեկնածուով՝ արտաքին վտանգներին հղում անելով ընդունելով Սերժ Սարգսյանի հաղթանակը: Եթե մինչ այդ լինի ֆորս-մաժորային իրավիճակ, ապա այստեղ արդեն չի բացառվում, որ միասնական թեկնածուով հանդես գան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, եւ այդ թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, կամ մեկը, ում կասի Քոչարյանը: Առայժմ ֆորս-մաժորի հեռանկարներ կարծես թե տեսանելի չեն: Իհարկե, ֆորս-մաժորը նրանով է այդպիսին համարվում, որ նախապես տեսանելի նախադրյալներ չի ունենում, այլ առաջանում է ակնթարթորեն, անակնկալ կերպով: Միեւնույն ժամանակ նկատելի է, որ Հայաստանի քաղաքական սուբյեկտները անակնկալների հակված չեն, քանի որ անձամբ անակնկալ մատուցելու ունակ չեն, իսկ արտաքին անակնկալների պարագայում էլ վստահ չեն, որ դրանց դեպքում կարող է հենց իրենց “բախտը բացվել”: Ավելին, ներկայում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը կարծես թե մի բան են սկսում պատկերացնել, որ խնդիրն այստեղ ամենեւին “բախտի բան” չէ, այլ շատ մեծ ու լուրջ պատասխանատվության, որի առաջ կանգնում է Հայաստանի իշխանությունը: Եվ քանի որ ներկայում Հայաստանի քաղաքական դաշտի համար ամբողջապես պարզ չէ այդ պատասխանատվության ծավալը՝ քանի որ Հայաստանի քաղաքական դասի մոտ երկու տասնամյակի իներտության եւ ոչ ադեկվատության հետեւանքով պետության միջազգային պատասխանատվության սահմանները դժբախտաբար գծվում են արտաքին կենտրոններում, քաղաքական ուժերը թերեւս գերադասում են մնալ իշխանության մոտ, բայց չփորձել անցնել շեմը՝ հանկարծ պատասխանատվության տակ չմնալու համար: Բոլորը սպասում են, որ առաջին հարվածն այդուհանդերձ Սերժ Սարգսյանին բաժին հասնի, հուսալով, որ նա դրան չի դիմանա, իսկ երկրորդն էլ արդեն կլինի անհամեմատ թույլ եւ տանելի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, July 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment