Wednesday, July 11, 2012

Օսկանյանի տեղին մտահոգությունը

«Լրագիր» 10-7-2012- Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ակտիվ գրառումների իր շարքում անդրադարձել է գազի գնի խնդրին, որ բարձրացրել է հայկական մամուլը, հայտնելով, թե Ռուսաստանը մտադիր է բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը: Ավելին, ըստ մամուլի, այն արդեն 60 դոլարով բարձրացել է, պարզապես կառավարությունը գազի գինը ցածր է պահում նախագահի ընտրությանն ընդառաջ սոցիալական ցնցում չառաջացնելու համար: Վարդան Օսկանյանը բարձրացնում է գազի գնագոյացման մեխանիզմի հարցը, ասելով, թե կառավարությունը պետք է թափանցիկ լինի այդ հարցում եւ սուբսիդավորի միայն սոցիալական անապահով խավերին, ոչ բիզնեսին: Ինչպես հայտնի է, կառավարությունը ներկայում հենց այդպես էլ վարվում է՝ սուբսիդավորում է սոցիալապես անապահով ընտանիքների գազի գինը: Իսկ բիզնեսի սուբսիդավորման օրինակ Հայաստանն ունեցավ 2006 թվականին, երբ Ռուսաստանը հերթական անգամ բարձրացրեց գազի գինը, իսկ իշխանությունն էլ փորձեց կրկին քայլեր ձեռնարկել սոցիալական լարվածություն թույլ չտալու համար, քանի որ առջեւում 2007 թվականի խորհրդարանի եւ 2008 թվականի նախագահի ընտրություններն էին: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը, ով պաշտպանության նախարար էր եւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, եւ ով ծրագրում էր դառնալ Հայաստանի նախագահ, գազի գնի շուրջ անորոշության տեւական քննարկումների եւ մտահոգությունների մեջ ընկած հանրությանը հանկարծ հանգստացրեց, ասելով, որ ինքը պայմանավորվել է ռուսական կողմի հետ, եւ գազի գինը քիչ կաճի: “Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մարտի սկզբներին վարչապետի մոտ քննարկելուց հետո ես նամակ եմ հղել Գազպրոմի ղեկավար պարոն Միլլերին որոշակի առաջարկություններով: Ուրբաթ օրը մենք պատասխան ենք ստացել պարոն Միլլերից, որ Գազպրոմի ղեկավարությունը պատրաստ է մինչեւ այս ամսվա վերջ ստորագրել համապատասխան պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան բնակչությանը եւ արդյունաբերողներին վճարելու շատ ավելի քիչ բարձր գներով, քան նախատեսվում է”, 2006 թվականին հայտարարեց Սերժ Սարգսյանը: Խոսքն այն մասին էր, որ Հայաստանը Ռուսաստանին է վաճառում Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկը, որից ստացված փողն էլ Հայաստանի իշխանությունն ուղղեց գազի գնի թանկացումը առաջիկա երեք տարիների՝ այսինքն 2006, 2007 եւ 2008 թվականների համար սուբսիդավորելուն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ բլոկի վաճառքից ստացված փողով սուբսիդավորվեց նաեւ մասնավոր բիզնեսը, այդ թվում բավական շահույթով աշխատող եւ արտադրանքի պահանջարկ վայելող երկու ցեմենտի գործարանները՝ Արարատի եւ Հրազդանի: Արարատի գործարանը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ Հրազդանի գործարանը՝ Միխայիլ Բաղդասարովին: Նրանց ձեռնարկությունները երեք տարվա սուբսիդավորման ընթացքում ստացան մի քանի միլիոն դոլարի սուբսիդիա: Այսինքն, նրանց ստացած սուբսիդիան գրեթե ավելին էր, քան օրինակ գազ սպառող փոքր ու միջին բիզնեսների ստացածը միասին, այն դեպքում, երբ ՓՄՁ համար այդ սուբսիդիան շատ ավելի անհրաժեշտ ու կենսական էր: Ռոբերտ Քոչարյանը սուբսիդավորումը բացատրել էր նրանով, որ եթե տարածաշրջանում Վրաստանի ու Ադրբեջանի գազը թանկանում է, ու նրանց ձեռնարկությունները սուբսիդիա չեն ստանում, ապա Հայաստանի ձեռնարկությունները սուբսիդիաների շնորհիվ հնարավորություն կունենան պահպանել ցածր ինքնարժեքը եւ տարածաշրջանային մրցակցությունում անցնել շատ առաջ: Իրականում իհարկե Հայաստանի ձեռնարկությունները տարածաշրջանում շատ առաջ չանցան, ինչի վկայությունն այն է, որ Հայաստանի տնտեսության այսպես ասած ծանրության կենտրոնը դարձավ ոչ թե Հայաստանի ձեռնարկությունների աշխատանքը, այլ կապիտալ շինարարությունը, որի փողը հիմնականում գալիս էր արտերկրից, իսկ Հայաստանում էլ գնողունակությունն ապահովվում էր արտերկրից ստացվող տրանֆերտների միջոցով: Այսինքն, պետությունը գազի գնի մի քանի միլիոն սուբսիդիա տվեց ձեռնարկությունների, որոնք այդպես էլ ըստ էության համարժեք ոչինչ չվերադարձրին հասարակությանը, փաստացի ում գրպանից որ վճարվել էր այդ սուբսիդիան, որովհետեւ Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկը պետության, այսինքն քաղաքացիների սեփականությունն էր: Ունենալով այդ նախադեպը, անշուշտ պետք է հետագայում շատ զգույշ լինել բիզնեսի սուբսիդավորման հարցում, որովհետեւ պետության եւ հասարակության համար դրա արդյունավեությունը մեղմ ասած հարաբերական է, եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այդ առումով տեղին ու ժամանակին բարձրացնում է իսկապես կարեւոր հարց: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: