Saturday, July 21, 2012

ԼՂՀ ընտրությունները նախևառաջ պետք էին Արցախի ժողովրդին, ոչ թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պինգվիններին. քաղաքագետ

1in.am. 21-7-2012- Բոլորը հասկանում են, որ ԼՂՀ-ն անգամ Ուկրաինայից բարձր ժողովրդավարական
պայմաններում է զարգանում: ԼՂՀ նախագահական վերջին ընտրությունները դրականորեն տարբերվեցին բոլոր նախորդներից: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով, որ դրանք կայացել են ժողովրդավարության մթնոլորտում: «Միջազգային հանրությունը հասկանում է, որ ԼՂՀ-ում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, որոնք չեն կայանում հարևան Ադրբեջանում: Միջազգային ճանաչումից առաջ Արցախն անցնում է ժողովրդավարության ուղին, իսկ բուն ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Ընդ որում, Արցախն ավելի մեծ հնարավորություններ ունի ճանաչվելու, քան ասենք՝ Կոսովոն»,- ասաց նա: Պատմաբանի խոսքով՝ միջազգային հանրություն ուշիուշով հետևել է արցախյան ընտրություններին, ինչի վկայությունը արտասահմանցի մեծաքանակ դիտորդների ու լրագրողների ներկայությունն էր ԼՂՀ-ում: «Ժողովուրդն անխուսափելիորեն հանգեցնելու է Արցախի միջազգային ճանաչման: Արցախի յուրաքանչյուր ընտրություն ամրապնդում է նրա պետականության հիմքերը»,- ասաց Գևորգ Մելքոնյանը: Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ իր հերթին նկատեց, որ Արցախը, չնայած իր փոքր չափերին, բավական մեծ անակնկալ մատուցեց՝ այս ընտրություններում ի ցույց դնելով այլընտրանքային դեմքի: «Խոսքը Վիտալի Բալասանյանի մասին է, որն իր գործը փայլուն կատարեց, ինչպես փայլուն կատարել էր Արցախի ազատագրման ժամանակ: Բոլորը հասկանում են, որ ԼՂՀ-ն անգամ Ուկրաինայից բարձր ժողովրդավարական պայմաններում է զարգանում, ուր մնաց՝ Ադրբեջանի հետ համեմատած: Արցախի հայությունը շատ լուրջ ու հստակ ապացուցեց, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում հնարավոր է լավ ընտրություններ անցկացնել»,- ասաց քաղաքագետը: Սերգեյ Շաքարյանցի խոսքով, Արցախը հաղթող է դուրս եկել պատերազմից, չնայած դրան՝ միջազգային հանրությունը չի ուզում ճանաչել ԼՂՀ անկախությունը: «Բոլորիս համար պարզ է, որ Արցախում անգամ քսաներորդ անգամ ժողովրդավար ընտրությունների կայացման դեպքում միջազգային հանրությունը չի ճանաչելու ԼՂՀ-ն: Ակնհայտ է, որ խաղը դեռ չի ավարտվել: Ինչևէ, ղարաբաղյան ընտրությունները նախևառաջ պետք էին Արցախի ժողովրդին, ոչ թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պինգվիններին»,- ասաց քաղաքագետը:

No comments: