Saturday, July 21, 2012

Արցախցիները դժգոհ են ղեկավարությունից

«Լրագիր» 21-7-2012- Մինչ Արցախի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը խոստանում է հինգ տարի անց բարեկեցիկ, գեղեցիկ ու բարգավաճ երկիր ստեղծել, արցախցիները հույսները կտրել են ղեկավարության խոստումներից: Մարդկանց մի մասը ոչ վերընտրված նախագահի, ոչ էլ մյուս պաշտոնյաների խոստումներին չի հավատում, ասում են, որ ղեկարավարությունը միայն աթոռի մասին է մտածում: Շուշի քաղաքի կենտրոնում հավաքված մի խումբ տղամարդիկ դժգոհում էին երկրում ստեղծված իրավիճակից, օրեցօր բարձրացող գներից: «Ստալինը, որ Ստալին էր, հաղթանակից հետո հացի թանկություն չի գցել, որ կռիվ տվողների ընտանիքները լավ ապրեն: Բայց մեր Ղարաբաղի ղեկավարությունը աթոռի ու սեղանի կռիվ ա տալիս, ժողովրդի համար մտածող չկա: Թանկության դեմը չեն առնում, գները մարդկանց ստացած փողերից բարձր են: Ըստեղ ավելի բարձր են, չեմ Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշիի բնակիչ 75-ամյա Ջոնիկ Թևոսյանը: Նա բռնագաղթել է Սումգայիթից, սակայն մինչ օրս դեռևս բարեկեցիկ կյանքով չի ապրել Արցախում: «Իմ հարստությունը թողել եմ, փախել եմ, էստեղ ապահով չեմ ապրում»,- ասում է ծերունին: Նա նշում է, որ չի հավատում, թե նոր ընտրված Բակո Սահակյանը կուղղի իր սխալները և հին խնդիրները կլուծի. «Ինչ տարբերություն, նույն նախագահն ա, լուծող ըլներ, շուտ կլուծեր»: Ջոնիկ Թևոսյանն ասում է, որ փախստականներն Արցախում անտեսված են, պետության կողմից ոչ մի արտոնություն չեն ստանում, փախստականի կարգավիճակ չունեն: «Ես մենակ ծերության թոշակ եմ ստանում, էն էլ չի հերիքու»>,- նշեց նա: Բաղոքելուց հետո ծերունին անհանգստացած հարցնում է. «Բողոքս կարո՞ղ ա տանեք, տաք Ադրբեջանի կառավարությանը, հանկարծ չտաք: Թող չիմանան նրանք էս խնդիրների մասին»: Ի դեպ, Շուշիի բնակիչներն ավելի զգուշավորությամբ են շփում լրագրողների հետ, քան մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը: Երկրորդ կարգի հաշմանդամ Շուշիի բնակիչ 50-ամյա Սերգեյն ասում է, որ տաքսի է վարում, բայց չի կարողանում նորմալ պահել ընտանիքը: «Արդեն 15 տարի ա` բնակարանների հերթում եմ, չկա»,- նշեց նա: Արցախի ղեկավարությունը պարտավորվել է առաջնահերթ բնակարաններով ապահովել զոհվածների և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Մայրաքաղաք Ստեփանակերտում այդ նպատակով արդեն մի քանի շենք կառուցվել է: Սակայն Ստեփանակերտի բնակչությունը, նայելով շենքին` ասում են, որ այդպես էլ դրանք հասցեատերերին չհասան: «Մի քանի զոհվածի ընտանիքի տվեցին, մնացածը ծախեցին, դրեցին իրանց գրպանը»,- դժգոհում են մարդիկ: Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցման փուլում է ևս 3 շենք, որոնք, ըստ խոստումների, պետք է հատկացվեն ազատամարտիկների անօթևան ընտանիքներին: Սակայն ստեփանակերտիցներն ասում են, որ ինչպես Երևանում, այնպես էլ այստեղ բնակարանները կառուցելուց հետո վաճառում են, իսկ անօթևանները երկար տարիներ սպասում են իրենց հերթին: Ստեփանակերտի բնակչությունը դժգոհում է մենաշնորհներից, սննդամթերքի գների թանկացումից, ցածր աշխատավարձերից: Նրանց խոսքով` ով ուզում է, թող ղեկավարի, միայն թե ժողովրդի մասին մտածող լինի: «Հայաստանի վատ բարքերն ըստեղ էլ եկան, իրանք իրանց ընտրում են, մենակ աթոռակռիվ են տալիս, ժողովրդի մասին մտածող չկա»,- ասում են մարդիկ:

No comments: