Tuesday, July 3, 2012

Ցիգանոկ. Ամերիկացիները Ղարաբաղում չեն ցանկանում հայերի մահը` իրենց զենքի պատճառով

News.am. 3-7-2012- Ադրբեջանին դուրս հանելով ամերիկյան ռազմատեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցուցակից, ԱՄՆ պետքարտուղարությունը կարող է սահմանափակել Բաքվին ֆինանսական օգնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով` այդպիսով Վաշինգտոնը ցույց է տալիս իր դիրքորոշումը Ադրբեջանի` Ղարաբաղն ուժով վերցնելու մշտական հայտարարությունների նկատմամբ: «Ամերիկացիները չեն ցանկանում, որ իրենց զենքն ու տեխնիկան օգտագործվի Ղարաբաղում հայերի դեմ»,-ասաց Ցիգանոկը: Մյուս կողմից, ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանի համար դա զսպող գործոն չի լինի, քանի որ կան զենքի բազմաթիվ շուկաներ, որտեղից նա կարող է ուզածը ձեռք բերել: «Նույն Իսրայելը, որի հետ Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարի ռազմատեխնիկայի ձեռք բերման գործարք էր կնքել: Այստեղ ավելորդ չէր լինի նշել, որ իսլամական շատ երկրներ բացասական գնահատական են տալիս Ադրբեջանի «շարժումներին»` ակնարկելով, թե ինչու է Ադրբեջանը սպառազինություններ ձեռք բերում Իսրայելից: Դա շատ լուրջ հարց է»,-նկատեց Ցիգանոկը` միաժամանակ հիշեցնելով ԵՍԶՈւ պայմանագրի գոյության մասին, որը խախտվում է Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանը խախտում է ոչ միայն այն: Նա գործնականում խախտում է ամեն ինչ` սկսած հրադադարի մասին եռակողմ համաձայնագրից, որն ստորագրվել էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, եւ հենց Ադրբեջանի կողմից: Վաշինգտոնը, Ադրբեջանին հանելով ամերիկյան ռազմատեխնիկա գնալու իրավունք ունեցող երկրների շարքից, ինչ-որ չափով իրեն ազատեց գլխացվանքից»,-եզրափակեց փորձագետը: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին հանել է ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից` ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ազդեցիկ պատգամավոր Հովարդ Բերմանի կողմից Կոնգրեսին ներկայացրած այն մտահոգության, թե ալիեւյան վարչակարգի կողմից դրանք կարող են օգտագործվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա գրոհելիս: «Պետքարտուղար Քլինթոնի այս որոշումը հայ ժողովրդի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շահերից է բխում»,- ասել է կոնգրեսական Բերմանը` հունիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարության ծանուցումն ստանալուց հետո:

No comments: