Tuesday, July 3, 2012

«Համահայկական» հիմնադրամը ֆինանսավորել է Քոչարյանի սպորտային նախասիրությունները. մամուլ

«Վերջին տարիներին կիսաբյուջետային և բյուջետային հաստատություններում, ինչպիսին են, օրինակ, Հանրային հեռուստատեսությունը, ազգային ուժային որոշ կառույցներ, փող մուրալու ավանդույթ է ձևավորվում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Աշխատողների աշխատավարձից 1000-ական դրամ է պահվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգտին: Կամ՝ փոստային ծառայությունների աշխատակիցներին հրահանգ է իջեցվում իրենց դիմող քաղաքացիներից, հօգուտ հիմնադրամի, մանր կորզել: Դե, իսկ մեծահարուստ հայաստանցիների կամ ղարաբաղցիների համար համահայկական կառույցին գումար հանգանակելը ՀՀԿ-ին անդամակցելու նման մի բան է դարձել: Զարմանալի չէ, որ հիմնադրամի տարեկան հաշվետվություններում տպագրվող «Նվիրատուների ոսկե մատյանը» գնալով ՀՀ ընտրացուցակներն է հիշեցնում: Սա բերում է կամավոհանգանակության գաղափարի փչացմանը: Նվիրատվություն անելը ՀՀ քաղաքացիների համար այլևս պարտադրանք է, ոչ թե պատվի և հայրենասիրության հարց կամ գոնե պարկեշտ քաղաքացու բնական պահանջ կամ ավանդույթ դարձող սովորություն: Իհարկե, հիմնադրամի աշխատակիցները չեն պատասխանել այսքան «ինչուների»: Գուցե հարցը հենց ծրագրերո՞ւմ է կամ նաև ծրագրերում: Փորփրելով հիմնադրամի կայք-էջը, մի քանի ավարտված ծրագրեր գտանք, որոնց համահայկական սոցիալական բնույթը, համայն հայության համար օգտակարության աստիճանը խիստ կասկածելի են: 2005 թվականին հիմնադրամն ավելի քան 245 հազար դոլար ծախսել Է ՀՀ նախագահի նստավայրը վերանորոգելու համար: Հիմնադրամի կայքում «նախագահական» բառը բացակայում է, այլ գրված Է՝ «բնակելի շենք»: Մեր աղբյուրների միջոցով պարզեցինք, որ խոսքը թիկնապահների համար նախատեսված տարածքի մասին է: Ստացվում է, որ նախագահ Քոչարյանի թիկնապահներին շքեղ պայմաններ տրամադրելը համազգային նշանակության խնդիր Էր, որին պետք Էր հենց համահայկական բարեգործականի լայն խողովակը ծառայեցնել: Հետո էլ զարմանում ենք, երբ թիկնապահներն իրենց նորմալ չեն պահում: Ռոբերտ Քոչարյանի՝ լավ շենքում նստելու ամբիցիային ոչ ոք չի կարող պատասխանել: Իսկ թե ովքեր են համաձայնել ֆինանսավորել այս նախաձեռնությունը և ինչ են դրա դիմաց ստացել, կայքում գրված չէ: 2007 թվականին Ծաղկաձորի ճոպանուղին է վերանորոգվել, ճոպանուղու ավտոկայանատեղին է կառուցվել: Այս բոլոր աշխատանքների, գումարած ճոպանուղու նախագծման և փորձաքննությունների, նաև տեխնիկական հսկողության համար ծախսվել է մոտ 153 հազար դոլար: Ով է «տիրություն» անում ճոպանուղուն, ում գրպանն են գնում հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնված այս համահայկական և ոչ շատերին հասու զվարճալիքից ստացված գումարները, կճշտենք առաջիկայում: Նույն 2007 թվականին երկրորդ նախագահի անվան և սպորտային նախասիրությունների հետ կապված մեկ այլ զվարճալիք կառուցվեց: Սևանա լճի ափին կահավորվեց առագատային ակումբը, այն համալրվեց գույքով, «յախտսմենների» թրեյնինգներ անցկացվեցին: Նոր հայերի առագաստային «կայֆերի» համար «Հայաստան» համահայկականը վճարեց անհամեմատ ավելի, քան նախագահականի և ճոպանուղու վերանորոգումը միասին՝ մոտ 1 մլն 92 հազար դոլար: Այն դեպքում, երբ այդ նույն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են խմելու ջրի բացակայության պատճառով: Օրինակ, Ջաղացաձոր համայնքին ջուր հասցնելու համար ընդամենը 30 հազար դոլար է պետք, և մինչ օրս կառավարությունը չի կարողանում այդ գումարը հատկացնել: Սահմանային այս գյուղում բնակվող, սահմանը պահող ՀՀ քաղաքացիները վաճառում են իրենց տների քարերը, մեքենան՝ 8 հազար դրամով, Ռուսաստան մեկնող ավտոբուսների տոմս գնում ու մեկնում երկրից միայն խմելու ջուր չունենալու պատճառով: Սեկնաբանություն պետք չէ, ուղղակի դնենք թվերն իրար կողքի, և դրանք կխոսեն: ՀԳ - Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից նախօրեին դժգոհություն էինք ստացել, թե մեր տեղեկություններն ինչու չենք ճշտում իրենցից, ինչու չենք հարցեր ուղղում հիմնադրամի տնօրենին, ով միշտ պատրաստ է պարզաբանումներ տալ: Ուստի հոդվածը գրելուց հետո դիմեցինք հիմնադրամին՝ խնդրելով պատասխանել նյութում տեղ գտած հարցադրումներին: Երեք օր սպասեցինք: Սակայն պարզվեց՝ Հիմնադրամը որոշել է «պատժել» մեզ և չպատասխանել ոչ մի հարցի»:

No comments: