Sunday, July 1, 2012

«Ես Վահեն եմ». «Հարսնաքար»-ի մոտ մոմավառություն տեղի ունեցավ

Panorama.am. 30-6-2012- Այսօր երեկոյան` ժամը 21:00-ին, ինչպես ավելի վաղ ծրագրվել էր «Facebook» սոցիալական ցանցում, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան: Մոմավառության ակցիային, չնայած հորդառատ անձրևին, մասնակցում էին մեծ թվով մարդիկ, որոնք մոմերը ձեռքներին մոտենում էին համալիրի աստիճաններին, տեղադրում դրանք, մի պահ կանգ առնում ու գնում: «Ես Վահեն եմ», «Սա սպանդանոց է», «Վերջ ամենաթողությանը» վանկարկումներով ակցիան սկզբում խաղաղ էր, այնուհետև, տեսնելով, որ համալիրի ներսում ինչ-որ հանդիսություն է, աշխատակիցները փորձել են հեռացնել ակցիայի մասնակիցներին: Այդ գործին նրանց միացան նաև Ոստիկանության ծառայողները, որոնք համալիրի մոտ ժամանեցին երեք մեքենաներով: Արդյունքում մի փոքր հրմշտոց առաջացավ ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ծառայողների միջև, սակայն շատ արագ կրքերը հանդարտվեցին և ակցիայի մասնակիցները կոչ արեցին վաղը, հուլիսի 1-ին բողոքի ակցիան շարունակել նախագահականի մոտ: Նշենք, որ համալիրի պատին ակցիայի մասնակիցները գրել էին ըստ իրենց համալիրի նոր անվանումը՝ «Հանցաքար», սևով նկարել էին գանգեր: «Հարսնաքար»-ի մոտ Վահե Ավետյանի հիշատակին անցկացված մոմավառության ակցիային մասնակցում էին մտավորականներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մեծ թվով լրագրողներ, բլոգերներ, քաղաքացիներ: Հիշեցնենք, ինչպես հայտնի էր դարձել նախաքննական մարմնին, մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև: Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Տուժածների թվում էր նաև ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանը, որը վերակենդանացման բաժանմունքում 13 օր ծայրահեղ ծանր վիճակում էր և մահացավ նախօրեին ժամը 18:30-ի սահմաններում:

No comments: