Monday, July 2, 2012

«Մենք հասնելու ենք նրան, որ Նեմեցին հեռացնենք այս շենքից». Բողոքի ակցիան շարունակվել է Երևանի փողոցներում

Panorama.am. 1-7-2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նախօրեին սկսված բողոքի ակցիան այսօր շարունակվեց նախագահական նստավայրի մոտ. Ակցիայի մասնակիցները, որոնց առաջնորդում էին «Ժառանգություն» կուսակցության և Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստները, այժմ շարժվում են Բաղրամյան պողոտայով ներքև, Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով շարժվում են Գլխավոր դատախազություն, այնուհետև ակցիան կավարտվի Կառավարության շենքի առջև: «Նե-մեց մարդա-սպան, ...» վանկարկումներով են նրանք շարժվում առաջ: Նրանց անվտանգությունն են ապահովում ոստիկանները: Մինչ այդ Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիայի մասնակիցները կանգ առան ու նրանցից մի քանիսը ելույթ ունեցան: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ պետք է հասնել նրան, որ Ռուբեն Հայրապետյանը (նեմեց Ռուբո) վայր դնի մանդատը: «Ցավոք սրտի, մեր երկրի կարևոր հաստատությունները տխուր ասոցիացիաներ են առաջացնում: Այս տխրահռչակ շենքում նստում են նեմեցները, լֆիկները և մյուս հանցագործները, մենք միասին հասնելու ենք նրան, որ Նեմեցին հեռացնենք այս շենքից», -հայտարարեց Սանասարյանը: Հիշեցնենք՝ նախօրեին ՊՆ բուժծառայության սպա, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանի հիշատակին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խաղաղ մոմավառություն տեղի ունեցավ, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ: Մոմավառության ակցիային, չնայած հորդառատ անձրևին, մասնակցում էին մեծ թվով մարդիկ, որոնք մոմերը ձեռքներին մոտենում էին համալիրի աստիճաններին, տեղադրում դրանք, մի պահ կանգ առնում ու գնում: «Ես Վահեն եմ», «Սա սպանդանոց է», «Վերջ ամենաթողությանը» վանկարկումներով ակցիան սկզբում խաղաղ էր, այնուհետև, տեսնելով, որ համալիրի ներսում ինչ-որ հանդիսություն է, աշխատակիցները փորձել են հեռացնել ակցիայի մասնակիցներին: Այդ գործին նրանց միացան նաև Ոստիկանության ծառայողները, որոնք համալիրի մոտ ժամանեցին երեք մեքենաներով: Արդյունքում մի փոքր հրմշտոց ու չհասկացվածություն առաջացավ ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ծառայողների միջև, սակայն հետո կրքերը հանդարտվեցին:

No comments: