
HayNews.am. 8-8-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հանդիպում է ունեցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների հետ: Մուսուլմանների սրբազան ամսվա` Ռամադանի կապակցությամբ հրավիրված ճաշկերույթին մասնակցել են Թուրքիայում բնակվող ոչ մուսուլման ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Հունական, հրեական և հայկական համայնքը ներկայացրել են հիմնադրամների ղեկավարները: Ճաշկերույթին մասնակցել է նաև Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Թուրքիայի փոխվարչապետը հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը` անվանելով այն «իրենց ողբերգություն»: «Շատ բարդ օրեր են տեսել: Կայսրությունը փլուզումը, համաշխարհային պատերազմները, Տրապիզոնի,Մալաթիայի դեպքերը, Հրանտ Դինքի սպանությունը: 1915 թվականի ողբերգությունը նաև մեր ողբերգությունն է: Տուժել են և հայեր, և թուրքեր: Չենք ցանկանում կրկին նման օրեր վերապրել»,-հայտարարել է Արընչը: Նշենք, որ Թուրքիան պաշտոնական մակարդակով տասնամյակներ շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և ամեն կերպ պայքարում այդ մեծագույն ոճրագործության միջազգային ճանաչման դեմ: Վերջին շրջանում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները փոխել են մարտավարությունը` ընդունելով, որ «1915 թվականին «որոշ բաներ» են եղել, որից տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև մեծ թվով թուրքեր»: Թուրքական քարոզչամեքենան փորձեր է կատորւմ ցույց տալ, թե իբր «հայերը դարեր շարունակ խաղաղությամբ ապրել են Օսմանյան կայսրությունում»: Ամեն դեպքում, միանշանակ է, բոլոր այս միջոցներով պաշտոնական Անկարան փորձում է խույս տալ Հայոց ցեղասպանության իրականացման համար իր պատասխանատվությունից:
No comments:
Post a Comment