Wednesday, August 8, 2012

Թուրքիայում Աբդուլհամիդի մասին սերիալ են նկարահանում` նրան ներկայացնելով որպես «հզոր սուլթան»

HayNews.am. 8-8-2012- Թուրքիայում ներկայում շարունակում են իր դաժանությամբ հայտնի օսմանյան սուլթան Աբդուլհամիդ Երկրորդի մասին (1876-1908 թթ) հեռուստասերիալի աշխատանքները: Նոր սերիալը պատրաստում են սկանդալային «Գայլերի հովիտ» ֆիլմի հեղինակները: «Գայլերի հովիտը», որը եթեր էր դուրս եկել մի քանի ձևաչափով (որպես գեղարվեստական ֆիլմ, մի քանի մասից բաղկացած սերիալներ) մեծ աղմուկ էր բարձրացրել` դառնալով Թուրքիայի պատմության ամենադիտված ֆիլմերից մեկը: Հենց «Գայլերի հովիտի» պատճառով էր Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում լուրջ ճեղքեր առաջացել. ֆիլմում իսրայելցիները ներկայացվում էին խիստ բացասական կերպարով: Նոր սերիալը, որը նշում են որպես «Օսմանյան գայլերի հովիտը», պատմելու է արյունարբու սուլթանի իշխանության տարիների մասին և բաղկացած է լինելու 39 մասից: Ֆիլմի ստեղծման համար երեք տարի է պահանջվել: Ֆիլմի հեղինակների խոսքերից ենթադրվում է, որ Աբդուլհամիդը ներկայացվելու է որպես «հզոր սուլթան»: Թուրքական մամուլի տեղեկություններով` ֆիլմում անդրադարձ է լինելու նաև հայերին: Հիշեցնենք, որ Աբդուլհամիդի օրոք կազմակերպվել են հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ են գնացել հարյուր հազարավոր անմեղ մարդիկ:

No comments: