Wednesday, August 29, 2012

Բանավեճ Արաբական աշխարհում

Արաբական պետությունները, որոնք Արաբական լիգայում Սիրիայի իշխող ռեժիմը հեռացնելու հարցում համերաշխ էին, չափազանց ոգեշնչված էին Սաուդյան Արաբիայի ֆինանսական դոտացիայի հույսերով, ինչպես նաեւ Արեւմուտքի հզոր ճնշմամբ: Սակայն, առաջացել է խնդիր, կապված այն բանի հետ, որ առանց ԱՄՆ եւ եվրոպական առաջատար երկրների ուղղակի միջամտության, չի հաջողվի լուծել Սիրիայի ալավիական վարչակարգը տապալելու հարցը: Հարց է նաեւ այն, թե որքանով է այդ վարչակարգն ալավիական, ռեժիմին երկրի առավելապես սուննի բնակչության աջակցության պայմաններում: Ինչպե՞ս են անդրադարձել տվյալ իրադարձություններն արաբական ազգային շահերին (թեկուզ հավակնությունների պլանում): Սիրիայից ու Իրաքից ավելի ու ավելի են հեռանում քրդերով բնակեցված տարածքները, եւ այդ գործընթացը ձեռք է բերում միջազգային լայն նշանակություն: Շիաների դիրքերը Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում չեն թուլացել, հակառակը՝ ձեռք են բերվում նոր դիրքեր: Շիա գոտին չի ճեղքվել, ամենեւին էլ չի ջախջախվել, այլ ավելի է մոբիլիզացվել. կանգնելով աղետի հեռանկարի առջեւ՝ շիա պետություններն ու համայնքները կդառնան ավելի համախմբված: Կան համոզիչ նշաններ, որ Իրաքը եւ Իրանը աննախադեպ հետաքրքրություն ու մերձեցում են ցուցաբերում: Շատ առաջ չանցնենք, սակայն շատ բան է վկայում, որ Հարավային Իրաքում ստեղծվելու է ինքնիշխան շիա պետություն, որը դաշինքի մեջ կլինի Իրանի հետ: Եթե հաջողվի մասնատել Սիրիան, երկրի արեւմուտքում ստեղծվելու է պետություն, որն ասոցացվելու է Լիբանանում շիաների եւ քրիստոնյաների մինի-պետությունների հետ: Նույնիսկ եթե դա կանգ առնի նոր կոնֆիգուրացիայի ստեղծման տվյալ փուլում, արաբական աշխարհն արդեն իսկ հսկայական վնաս կկրի աշխարհքաղաքական շահերի պլանում (եթե, իհարկե, արաբական ժամանակակից էլիտան ունի աշխարհքաղաքական հայացքներ եւ այդպիսի շահեր): Արեւմտյան պետությունները Հյուսիսային Իրաքում ստեղծում են նավթի հզոր եւ անկախ աղբյուր, ինչպես նաեւ Միջերկրական ծովի ուղղությամբ նավթի տեղափոխման վերահսկելի ու անվտանգ երթուղի: Այսինքն, արաբական աշխարհն առաջին անգամ մասնատվում է էթնո-էներգետիկ հատկանիշներով: Առաջինը, ով պետք է արձագանքեր այդ իրադարձություններին՝ եգիպտական էլիտան է, որն ավանդաբար պատասխանատվություն է զգում արաբական աշխարհի ճակատագրի հարցում: Եգիպտոսի նախագահ Մուսրիի այցը Թեհրան, անկասկած, կապված է ավելի շուտ ոչ թե երկկողմ հարաբերությունների, այլ՝ արաբական աշխարհի խնդիրների հետ: Կահիրեում հասկացել են, որ Սիրիայի իրադարձությունների արդյունքում Եգիպտոսը ստիպված է մեն մենակ հայտնվել Իսրայելի առջեւ, Սաուդյան Արաբիայի ու նրա արբանյակների անորոշ պահվածքի պայմաններում: Եգիպտական քաղաքական գրականությունը, բրիտանացի եւ ֆրանսիացի քաղաքագետների վկայությամբ, բավական միանշանակ արտահայտել է արաբական պետությունների շահերը, Թուրքիայի կողմից սպառնալիքները եւ էքսպանսիան դասելով առավել վտանգավոր, քան Իրանի մտադրությունները: Ցավոք, փորձագետները չէին կարող առավել համարժեք ծանոթանալ եգիպտական քաղաքական գրականությանը ու պարբերական մամուլին, սակայն դրանք ներկայում ավելի հետաքրքիր են, քան Արեւմուտքի կառավարական եւ պրոկառավարական ինստիտուտների ու կենտրոնների հետ կապված հեղինակների տեքստերը: Ամերիկացիներն ու եվրոպացիները պետք է որոշում ընդունեն՝ կամ արագացնել իրադարձությունները, քանի որ մոտենում է «սիրիական ընդդիմության» զինված ուժերի լիակատար պարտությունը, եւ կարող է սպառնալիք առաջանալ տարածաշրջանի գեոտնտեսական կառուցվածքին, ինչպես նաեւ կվերանա Իրանի շրջափակման հեռանկարը, կամ էլ վերջնականապես խաղադրույք կատարել «քաղաքական չափավոր իսլամի» վրա եւ պայմանավորվել Եգիպտոսի հետ, ճանաչելով արաբական աշխարհում նրա առաջատարի եւ արբիտրի կարգավիճակը, այդպիսով կարգավորելով հարաբերությունները «բարեբեր կիսալուսնի» գոտում: Տարածաշրջանում տվյալ իրավիճակը համընկել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ինչ որ առումով նաեւ Մեծ Բրիտանիայում ներքաղաքական անբարենպաստ հանգամանքներին: Առաջատար այս երկրների առաջնորդներն ակնհայտորեն տարածաշրջանի համար ժամանակ չունեն: Հնարավոր է, որ ոչ միայն Եգիպտոսը, այլեւ արաբական այլ երկրներ խորհում են խաղային իրավիճակի վրա՝ աջակցել քրդերին՝ որպես բուֆեր Թուրքիայի ու Իրանի էքսպանսիայի ճանապարհին, շարունակել հույս դնել ԱՄՆ եւ Արեւմուտքի վրա՝ Թուրքիայի ու Իրանի էքսպանսիան զսպելու հարցում, փորձել կազմակերպվել տարածաշրջանում արտաքին էքսպանսիայի դեմ: Տվյալ սցենարներից ցանկացածը ենթադրում է այս կամ այն գործընկերների կամ հակա-գործընկերների «խաչաձեւ համագործակցություն: Եթե արաբական աշխարհում, վաղ թե ուշ, առաջանա իրական առաջնորդ, ապա հնարավոր են արաբական աշխարհքաղաքականության գոնե ինչ որ տարրեր: Սակայն արդեն հիմա հասկանալի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, որը պարտվում է Սիրիայում, այլեւս չի կարող հավակնել արաբական աշխարհի առաջնորդի դերին: Այդ դեպքում, այսպես թե այնպես, արաբական պետությունները կսկսեն հետաքրքրվել հարեւան տարածաշրջանների ոչ արաբական պետությունների հետ հարաբերությունների հարցով: Նման առաջնորդ կարող է լինել միայն Եգիպտոսը, որը ստիպված կլինի համագործակցել արաբական աշխարհի շիա պետությունների ու համայնքների հետ, այլապես առաջնորդի նրա դերը կլինի ոչ լիարժեք ու սահմանափակ: Ընդ որում, Իրանի դերն ու դիրքը արաբական աշխարհում, ինչպես նախկինում, կմնան ավելի ուժեղ, քան Թուրքիայի դիրքերը: Սիրիայի իրադարձությունները, այլ արդյունքներին զուգահեռ, կհանգեցնեն Մերձավոր Արեւելքում ուժերի նոր հավասարակշռության ձեւավորման: Արեւմուտքը չի կարող դրա հետ հաշվի չնստել: Իգոր Մուրադյան

No comments: