Wednesday, August 29, 2012

Կողմերը հասկանում են Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությունը. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ

1in.am. 29-8-2012- Կողմերի միջև նկատվում են միտումներ` հասկանալու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը: Այս մասին Trend գործակալությանը երեկ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Մենք կարծում ենք, որ այն կարող է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այլ լուծում չկա… Կարծում ենք, որ անհրաժեշտ է շարունակել բանակցություններն ու երկախոսությունը և այդ երկխոսությունում վերականգնել վստահության մթնոլորտը»,- ասել է Մատվիենկոն: Նրա խոսքերով` երկու ժողովուրդների միջև վստահության վերականգնման համար անհրաժեշտ է առավել ակտիվ ներգրավել մտավորականությանը, մշակույթի գործիչներին: Մատվիենկոյի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի խնդիրը զգայուն է երկու երկրների համար էլ, սակայն այն չի կարելի չլուծել, քանի որ այն լուրջ ազդեցություն է գործում տարածաշրջանի անվտանգության վրա: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի խոսքերով` բոլորին քաջ հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերմամբ: «Մենք այդ հարցում որպես միջնորդ ենք հանդես գալիս Մինսկի խմբի կազմում: Մեր երկրի ներկայիս նախագահը և նրա նախորդը գործադրել են բոլոր հնարավոր ջանքերը բանակցային գործընթացի կարգավորման ուղղությամբ: Եվ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- ասել է Մատվիենկոն:

No comments: