Monday, August 20, 2012

Ուժի մեջ են մտել Սիրիայի եւ մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները

«News.am».- Օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգի մասին կառավարության որոշման մեջ հուլիսի 26-ին ընդունված` Սիրիայի եւ մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված այն պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ ու միայն հրավերի հիման վրա, եւ ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք այսուհետ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաեւ ՀՀ սահմանային անցման կետերում: Նրանք սահմանային անցման կետերում պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերից մեկը` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական կամ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից: Նշենք, որ այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները, ինչպես նաեւ ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձինք, որոնք ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա, ընդգրկված են 64 պետություններ: Դրանց թվում են Սիրիան, Եգիպտոսը, Իրաքը, եւս մի շարք ասիական, ինչպեն նաեւ աֆրիկյան բոլոր երկրները:

No comments: