Friday, October 14, 2011

Քլինթոնը հայերին վստահեցրել է, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա

Tert.am. 14-10-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից օգոստոսի 17–ին իրեն ուղղված նամակին։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի այն հայտարարությունից հետո, թե «մինչև 1915թ. Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում են գործել որպես եկեղեցիներ», Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղարություն, որում «ամբողջական և պաշտոնական հաստատում էր պահանջել առ այն, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը ոչնչնացվել և պղծվել է Օսմանյան Թուրքիայի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից, և որ պահպանված եկեղեցիները պետք է վերադարձվեն օրինական տերերին՝ հայերին, հույներին, ասորիներին և այլն, ինչպես նաև պահանջել էին դեսպան Ռիկարդոնեի ներողությունը։
Քլինթոնի պատասխան նամակում, մասնավորապես, ասվում է. «Թուրք առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել այն կարևորությունը, որը մենք տալիս ենք Թուրքիայում դավանանքի ազատությանը։ Ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակներով հանդիպումների ժամանակ մենք շարունակում ենք բարձրացնել մեր մտահոգությունը նախկինում բռնագրավված գույքը կրոնական համայնքներին վերադարձնելու առնչությամբ։ Այդ առնչությամբ մենք ուշադիր հետևելու ենք Թուրքիայի կառավարության` օգոստոսի 27–ի այն որոշման իրականացմանը, որը նախատեսում է 162 ոչ մուսուլմանական կրոնական համայնքների հիմնադրամներին վերադարձնել բռնագրավված անշարժ գույքը»,– ասված է նամակում։
Ինչպես հայտնում է ԱՄՆ–ում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Քլինթոնին ուղղված պատասխան նամակում ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին հրապարակավ հայտարությունը, թե ԱՄՆ կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության վրա՝ կրոնական համայնքների բռնագրավված ունեցվածքը օրինական տերերին վերադարձնելու համար։

No comments: