Saturday, October 1, 2011

Փորձագետ. «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում

News.am. 1-10-2011- «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` հռչակագիրը Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում այն իմաստով, որ հիշատակվում է հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին` միջազգային իրավունքի նորմերի եւ եղած պայմանագրային մեխանիզմների հիման վրա: «Դա նաեւ կարեւոր է այն առումով, որ հռչակագիրը ենթադրում է ղարաբաղյան խնդրի` խաղաղ ճանապարհով կարգավորում եւ կանխարգելում է ղարաբաղյան խնդրի որեւէ ռազմական լուծում: Միաժամանակ` փաստը, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար», -նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ տվյալ հռչակագիրը կնպաստի բանակցային գործընթացի հետագա զարգացմանը` վստահության միջոցառումների հաստատման եւ հակամարտության գոտում կրակի չվերսկսման նոր մեխանիզմների հաստատման ճանապարհով: «Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տվյալ հայտարարությունը կապվելու է ընդունված հռչակագրի հետ, ինչն առավել դրական միտումներ է ենթադրում ղարաբաղյան հակամարտության գոտում»,-ընդգծեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները ողջունել էին ԵՄ-ի դերը հակամարտությունների լուծման գործում, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը առկա համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների հարցում, այդ թվում` այն տեղերում գտնվելը, որտեղ այդ ներկայությունն անհրաժեշտ է: Այդ մասին ասված է համատեղ հռչակագրում, որը ընդունվել է սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում անցկացված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում:
Իրենց հայտարարություններում «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարները ամբողջությամբ հաստատել են իրենց պարտակությունները իրակացնելու սկզբունքները, որոնք ընդունվել են Պրահայում:
Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են նաեւ իրենց հատուկ ներկայացուցչի նշանակումը Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով` շեշտելով Վրաստանում ԵՄ-ի մոնիթարինգային առաքելության ներկայության կարեւորությունը:
«Կողմերը ձգտելու են սերտ երկխոսության եւ համագործակցության միջազգային անվտանգության հարցերով, այդ թվում` քաղաքացիական եւ ռազմական օպերացիաներում` ԵՄ ղեկավարության ներքո գործընկերների մասնակցության նպատակով: ԵՄ-ի եւ գոծընկեր-երկրների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության նախագծերը եւ ԵՄ-ի` օգնության ծրագրերը ուղղված են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ վստահության ամրապնդմանը»,-ասված է հայտարարության մեջ

No comments: