Thursday, August 9, 2012

Պուտինի պատասխանը ոգեւորված հայերին

»Լրագիր» 9-8-2012- Օգոստոսի 8-ին Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ուշագրավ բան է արձանագրվել, որը առաջին հայացքից քաղաքականության հետ կապ չունի, բայց թերեւս հանդիսանում է առավել նշանակալից խորհրդանիշ, քան որեւէ այլ քաղաքական հայտարարություն: Բանն այն է, որ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նախագահների բացման խոսքերից հետո, լրագրողները ունեցել են ընդամենը երկու հարցի հնարավորություն: Դրանց սղագրությունն առկա է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Պետք է ենթադրել, ինչպես լինում է նման դեպքերում, յուրաքանչյուր կողմի ԶԼՄ ներկայացուցիչներին տրվել է մեկական հարցի իրավունք: Եվ ահա աաջին հարցը, որ տրվել է երկու նախագահներին, վերաբերել է օլիմպիական խաղերին, երկու երկրների հավաքականների մասնակցությունից նախագահների տպավորությանը: Հարց տվողը նաեւ հիշատակել է, որ Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը Լոնդոնում բերել է հայազգի ձյուդոիստը, իսկ հիմա էլ հայազգի բռնցքամարտիկն է ՌԴ դրոշի տակ պայքարում մեդալի համար: Թեեւ ՌԴ նախագահի կայքում նշված չէ, թե ովքեր են հարցերի հեղինակները, այդուհանդերձ պետք է թերեւս ենթադրել, որ տվյալ հարցը տվել է հայաստանցի լրագրող: Բանն այն է, որ նախ՝ դա եղել է առաջին հարցը, որը հավանաբար տանտերերը զիջել են հյուրերին, եւ բացի այդ էլ՝ երկրորդ հարցի բովանդակությունն այնպիսին է, որ հազիվ թե այն տային հայաստանցի լրագրողները /երկրորդ հարցով Պուտինին հարցրել էին չորս տարի առաջ ռուս-վրացական պատերազմի մասին, արդյոք նա Պեկինից զանգահարել էր Մեդվեդեւին, արդյոք Ռուսաստանն ունեցել էր որեւէ պլան/ Հետեւաբար, ամենայն հավանականությամբ, օլիմպիադայի եւ Ռուսաստանի դրոշի տակ հայ մարզիկների ելույթների մասին հարցն ամենայն հավանականությամբ «հայկական հարց» էր, որը հայկական կողմը ըստ երեւույթին պատրաստել էր այսպես ասած «ջերմ» մթնոլորտ ստանալու, Պուտինից ջերմ խոսքեր կորզելու համար: Բայց, Պուտինը չի հայտնվել ծուղակում, չի տրվել հայկական հնարքին, եւ նույնիսկ ինչ որ առումով սառը ջուր է լցրել հայկական ոգեւորության վրա: «Մենք Օլիմպիադայում մեծ հաջողության համար շնորհավորում ենք մարզիկներին անկախ նրանց էթնիկ պատկանելությունից», հայտարարել է Պուտինը, առանց որեւէ բան ասելու հայազգի ռուսաստանցի չեմպիոնների մասին: Այսինքն, Պուտինն ըստ էության որեւէ կերպ տոն չի տվել Ռուսաստանին դուր գալու եւ ինչ որ տեղ նաեւ օլիմպիական ոսկիների համար ռուսական կողմին այսպես ասած նուրբ պարտավորվածության առաջ դնելու հայկական “խորամանկ” կամ “հնարամիտ” մղումներին: Պուտինը բացահայտորեն ակնարկել է, որ իրենք որեւէ կերպ ուշադրություն չեն դարձրել չեմպիոնների ազգությանը եւ որեւէ կերպ պարտավորվածություն չեն զգում նրանց էթնիկ ծագման հանդեպ: Դրանից հետո, Սերժ Սարգսյանն է պատասխանել, ասելով. “Իհարկե, նրանց համար, ում թանկ է հայ-ռուսական գործակցությունը, Գալստյանի հաղթանակը՝ կարեւոր եւ թանկագին խորհրդանիշ է: Դա եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք միասին ավելի ուժեղ ենք”: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի պատասխանը նախապես պատրաստված եւ մշակված պատասխան է, բայց նաեւ թվում է, որ հայկական կողմն այդ պատասխանը մշակելիս չի ենթադրել, որ Պուտինը կարող էր այդ աստիճան սառն ու անտարբեր գտնվել ռուսական դրոշի ներքո “հայկական” հաղթանակի հանդեպ եւ մի երկու ջերմ բառ չասեր “եղբայր” ժողովրդի մարզական լումայի մասին: Ու Պուտինի լցրած սառը ջրի պարագայում, Սերժ Սարգսյանի նախապես մշակված պատասխանը ըստ էության դառնում է ինքնանվաստացուցիչ, քանի որ ստացվում է, որ հայերը ուղղակիորեն փորձում են Ռուսաստանից գոնե “մի կես բերան” քաղցր բառ պոկել տեղի ունեցածի կապակցությամբ. Պուտինը չնկատելու է տալիս “հայկական ոսկու” հանգամանքը, իսկ Հայաստանը համառորեն փորձում է խցկվել: Հետաքրքիր է, արդյոք այդ դրվագը դաս կլինի՝ համազգային, համահայկական դաս, որ պետք չէ սեփական դերն ու կշիռը գերագնահատել այնքան, որ ակնառու դառնա դրա փոքրությունը կամ ընդհանրապես բացակայությունը: Գուցե այդ դասի շնորհիվ համանման դեպքերում գոնե հաջորդ անգամ առավել սթափ եւ պրագմատիկ կգնահատվի իրավիճակը, հետագա ինքնանվաստացումներից խուսափելու համար: Ընդ որում, խոսքը թերեւս միայն Ռուսաստանի հետ հարաբերության մասին չէ, այլ ընդհանրապես՝ աշխաչհի հետ հարաբերության: Լուսանկարը՝ ՌԴ նախագահի կայքից ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: