Sunday, August 26, 2012

Հալեպի հայկական թաղամասերում ողջ գիշեր պայթյուններն ու կրակոցները չեն դադարել

Tert.am. 26-8-2012- Հալեի հայկական թաղամասերում վերջին երկու օրերը գերլարված են եղել: Երեկ Նոր գյուղ հայկական շրջանի Զվարթնոց հայ կաթողիկե եկեղեցու մոտ որոտացած պայթյունից հայ աղջիկ էր զոհվել: Tert.am- հետ զրույցում Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով նաև, որ այդ պայթյունի հետևանքով ևս մեկ հայ ուսի վիրավորում է ստացել: «Բավական դեպքերով լեցուն օր մըներ երեկ: Երեկ իսկապես մեկ-երկու ռումբի հարց չէր: Գոնե Նոր Գյուղի շրջանի մեջ մի քանի ռումբեր էին, տարբեր անկյուններում և տարբեր ժամերի»,- ասաց նա: Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ ևս մեկ պայթյուն որոտացել է ավելի վաղ դատարկված շենքի մոտակայքում: Համայնքի ներկայացուցիչը նաև հաստատեց տեղեկությունը, որ գիշերը բախումները շարունակվել են նաև հայկական ծերանոցի մոտակայքում: Նա նշեց, որ ծերանոցի շրջանը կարծես սահմանագիծ է դարձել ընդդիմության և կառավարական ուժերի միջև, որտեղ հաճախակի են պայթյունները, «կրակոցներն էլ գրեթե անպակաս են»: Կրակահերթերը չեն դադարել նաև Ճեմարանի հետնամասում և Սահակյան վարժարանի չորս կողմում: «Գիշերն ալ պայթումները չեն դադարել: Թե ինչ վնասներ տեղի ունեցան, շենքերի վրայի վնասները կամ նյութականին առնչված վնասները մենք այս մասին արդեն ավելորդ կմտածենք խոսիլ, որովհետև այդքան պայթումներում և կրակոցներուն վնասվող շենք ալ պիտ ըլլա, վնասվող ինքնաշարժ ալ պիտ ըլլա: Մեզի համար հիմա մարդկայինը հիմնականն է»,- ասաց նա:

No comments: