Saturday, August 11, 2012

«Եդիոտ Ախրոնոտ». Նեթանյահուն եւ Բարաքը ցանկանում են աշնանը հարձակվել Իրանի վրա

News.am. 10-8-2012- Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթյանահուն եւ Պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը աշնանը ցանկանում են հարվածել Իրանի միջուկային օբեկտների վրա, ավելի հստակ, մինչեւ ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունները: Բայց նրանց որոշմանը չեն աջակցում երկրի զինվորական հրամանատարությունը եւ հատուկ ծառայությունները: Ինչպես նշում է«Եդիոտ Ախրոնոտ»-ը, զինվորական շտաբի ղեկավարը ընդունում է, որ իրանական կողմը հարձակումը անպատասխան չի թողնի` օգտագործելով նաեւ լիբանանյան «Հըզբոլահ» շարժումը` իր հազարավոր հրթիռներով, եւ հակամարտության արդյունքում Իսրայելն ամեն օր ստիպված կլինի ծախսել կես միլիարդ շեքել (375 միլիոն դոլար): Միաժամանակ Էհուդ Բարաքը վստահ է, որ Իսրայելը կհաղթահարի եւ լքյալ չի դառնա միջազգային հանրության աչքին, որը իրանական միջուկային խնդրի լուծման հարցում շեշտը դնում է բանակցությունների շարունակման եւ պատժամիջոցների կիրառման վրա: Իր հերթին Նեթանյահուն վստահ է, տեղեկացնում է պարբերականը, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը, չնայած բոլոր վստահեցումներին, չի կարողանա ժամանակին կանգնեցնել Իրանին` ատոմային զենք ստեղծելու մտադրության մեջ: Ետնաբեմի վեճերի առանցքում է հայտնվել վերջերս հեռուստաեթերով հնչած վարչապետի այն նախադասությունը, ըստ որի ռմբակոծման որոշումը կկայացնի քաղաքական վերնախավը, իսկ զինվորականները այն կիրականացնեն: Միեւնույն ժամանակ Նեթյանահուն հիշեցրել է, որ իրեն նախորդած վարչապետ Մենահեմ Բեգինը 1981 թ-ին հրամայել է ռմբակոծել Իրաքի միջուկային ռեակտորները` չնայած բանակի եւ հատուկ ծառայությունների ընդդիմությանը: Որպես Իրանի դեմ անհապաղ ռազմական գործողությունների հակառակորդ` նշվում է աշխատակազմի ղեկավար Բենի Հանցի, ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիրա Էշելի, արտաքին հետախուզության տնօրեն Մոսսադ Թամիրա Պարդոնի, ռազմական հետախուզության ղեկավար Ավիվա Կոխավինի եւ անգամ նախագահ Շիմոն Պերեսի անունները, վերջինս հիմնականում օժտված է ներկայացուցչական պատասխանատվությամբ, բայց երկրում եւ երկրի սահմաններից դուրս ունի անձնական մեծ ազդեցություն: «Պետական բարձրագույն մակարդակներում` դա լինի զինվորական հրամանատարությունը, հատուկ ծառայությունների ղեկավարությունը, թե անգամ նախագահը, չկա ոչ մի մարմին, որը հանդես կգա ներկայումս Իրանի հանդեպ Իսրայելի ուժի կիրառման օգտին»,-նշում է թերթը: Մամուլի տեսաբանները որպես օրինակ են բերում նաեւ «ԱՄՆ-ում շատ շատերի`այդ թվում պաշտոնյաների կարծիքները, ըստ որոնց Նեթանյահուն եւ Բարաքը ձգտում են Ամերիկային, իր կամքին հակառակ, ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ»:

No comments: