Tuesday, August 21, 2012

Սիրիա. հակաթուրքական դավադրություն

«Դավադրություն» հասկացությունը միշտ եղել է եւ կլինի օպերացիոն քաղաքականության բաղկացուցիչ մաս, եւ ներկայում ոչ հրապարակային քաղաքականության նշանակությունը դարձել է առավել քան նշանակալից, այդ թվում լիովին ակնհայտ իրադարձությունների վերաբերյալ: Սիրիայի հարցում որեւէ դավադրություն չկա, դրա անհրաժեշտությունը չկա: Խաղը տեղի է ունենում ցինիկ, երեսպաշտորեն եւ բավական հիմարավարի, սակայն դա բացարձակապես չի անհանգստացնում նախաձեռնողներին ու շահագրգիռ կողմերին: Սիրիական խնդիրն ունի սեփական, անմիջական պատճառներ, կապված որոշակի աշխարհքաղաքական ու աշխարհտնտեսական նպատակների հետ: Սիրիայի համար տասնամյակների ընթացում պայքար է ընթանում ԱՄՆ, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի կողմից: «Բարեբեր կիսալուսնի» գոտում գտնվող արաբական ուժեղ պետության չեզոքացումը, Իրաքի չեզոքացումից հետո, հանգեցնում է աշխարհքաղաքական կառուցվածքի լիակատար ապակազմակերպման, որն արաբական երկրների մեծամասնությունը համարում է արխայիկ եւ նախկին իմաստից զրկված, հանգեցնում է արաբական աշխարհի ենթարկեցմանը ԱՄՆ-ին եւ նրա գործընկերներին, Իսրայելի անվտանգության ուժեղացմանը, Իսրայելի հնարավոր ինտեգրմանը արաբական հանրությանը: Վերջին 20 տարիների ընթացքում Մերձավոր Արեւելքում չկա որեւէ ռազմական կամ քաղաքական գործողություն, որ ԱՄՆ-ն համաձայնեցրած չլինի արաբական առաջատար երկրների հետ, բացի Սիրիայից, որոնք ԱՄՆ-ին ընդունել են որպես իրենց անվտանգության գլխավոր եւ միակ երաշխավոր: Սիրիայի հանդեպ արաբական պետությունների թշնամական վերաբերմունքը բխում է հենց այդ հանգամանքից, իսկ շիա գործոնի ճնշումը միավորիչ գործոն է սուննի արաբական պետությունների համար: ԱՄՆ եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, շահագրգիռ են Սիրիայի պետական-տարածքային ամբողջականության պահպանմամբ, հետեւյալ պատճառներով: Կորցնելով ազդեցությունը Սիրիայի ողջ տարածքում, Ֆրանսիան կորցնում է միակ ռազմավարական «հարթակը» Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Լիբանանում: ԱՄՆ կկանգնի Սիրիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում սուննի արմատական պետության կազմավորման սպառնալիքի հանդիման, ինչը ապակառուցողական ազդեցություն կունենա նաեւ Իրաքի վրա: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան Սիրիան դիտարկում են որպես իրաքյան նավթի տեղափոխման ուղղություն, ինչն ապահովում է Օրմուզի նեղուցի, Սուեզի ջրանցքի, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքի շրջանցումը: Ի դեպ, նման չափազանց պրագմատիկ նպատակներն ու խնդիրները պահանջում են այլ մոտեցումներ, եւ «մեկուսացված մոտեցումներով» նման խնդիրները չեն լուծվում, սակայն Օբամայի վարչակազմը դժվար թե ունակ է դա հասկանալ: Սակայն, այդ արկածախնդրության գլխավոր զոհը դարձել է ամենեւին էլ ոչ Սիրիան, այլ Թուրքիան, որի առջեւ դրվել են հետեւյալ բավական ցինիկ պահանջները՝ Թուրքիան կարող է ակտիվ մասնակցություն ունենալ Ասադի վարչակազմի շրջափակմանը, ճնշմանը եւ հեռացմանը, Թուրքիան զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ եւ հետախուզական աշխատանքով, հաղորդակցությունների ապահովմամբ, Սաուդյան Արաբիայի միջոցների ադապտացմամբ, զարգացնում պսեւդո-դեմոկրատական հռետորաբանություն եւ հավատարմություն պսեւդո-մարդասիրական սկզբունքներին: Թուրքիան չի կարող ակնկալել ՆԱՏՕ-ի ռազմական օգնություն եւ միջամտություն եւ չունի ռազմական ինտերվենցիայի իրավունք, այդ թվում այն իրավիճակում, որը ծավալվում է քրդական շրջաններում: Թուրքիան իրավունք չունի որեւէ միջամտության Հյուսիսային Իրաքում, այդ թվում նավթային նախագծերին (համաշխարհային բիզնեսում դա նրա բաժինը չէ եւ նրա ազդեցության գոտին չէ, նա կարող է միայն առեւտուր անել եւ զբաղվել շինարարությամբ): Այդպիսով, Թուրքիան, նախքան սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը, կանգնել է Մերձավոր Արեւելքում մոտ եւ միջին հեռանկարում աշխարհքաղաքական շրջափակման եւ մեկուսացման առջեւ, ինչը եւ սպասելի էր: Քլինթոնի այցն Անկարա դարձավ նեոիսլամիզմի դոկտրինի գերեզմանաքարը: Թուրքիային ասվել է. «Ձեզ առաջարկվել են բավական բովանդակալից գործընկերային հարաբերություններ, ջանքերի համակարգման եւ համաձայնեցման պայմանով: Դուք հրաժարվեցիք եւ ձգտեցիք անկախության: Ներկայում դուք ունեք «ազատ նավարկության» բոլոր հնարավորությունները, իհարկե՝ որոշակի պայմաններ հաշվի առնելով, որոնք սակայն արդեն չեն համաձայնեցվում ձեզ հետ, այլ միայն դրվում են ձեր առաջ»: Տվյալ այցը, որի վերաբերյալ տեղեկատվությունը սուղ էր, անշուշտ նպատակ ուներ ոչ այնքան քննարկել Սիրիայի հարցում հարաբերությունները, որքան Մերձավոր Արեւելքի ուղղությամբ Թուրքիայի «իրավունքներն ու ազատության աստիճանը»: Ընդ որում, պետք է նկատի առնել, որ նման կոշտ դիրք է բռնել Օբամայի վարչակազմը, որում այդպես էլ չհայտնվեցին Թուրքիայի հարցում քիչ թե շատ նշանակալի փորձագետներ եւ ֆունկցիոներներ: Ինչ կարող էին անել հանրապետականները, Թուրքիայի ու մերձավոր Արեւելքի հարցով իրենց բազմաքանակ մասնագետներով: Թուրքիային հրում են Եվրասիայի կողմը, այսինքն՝ Կենտրոնական Ասիա, ընդ որում, Հարավային Կովկասն ամերիկացիների կողմից նշվում է որպես թուրքական շահերի համար արգելված գոտի: Ավելի անհեթեթ բան չի կարող լինել: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Թուրքիայի հիմնական լոբբիստը՝ Մեծ Բրիտանիան, համակարգել են ջանքերը Թուրքիայի աշխարհքաղաքական շրջափակման ուղղությամբ: Ֆրանսիան եւ մեծ Բրիտանիան խոշոր էսկադրա են ուղարկում Արեւելյան Միջերկրածով, այսինքն՝ կրկնում են Լիբիայի հնարքը, ուր Թուրքիային չթողեցին մտնել: Ընդ որում, ներկայում Թուրքիան չի կարող հենվել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Չինաստանի վրա, որոնց նա ցույց է տվել, որ ինքը ոչ թե ԱՄՆ գործիքն է, այլ լիովին ինքնուրույն խաղացող, որի շահերը հակասում են այդ երկու եվրասիական տերություններին: Իրանը եւ Իսրայելը նույնպես ոգեւորված չեն նրա քաղաքականությունից: Հերթի մեջ է 1915 թ. ցեղասպանության միջազգային ճանաչումը: Շրջափակումը սեղմվել է, Թուրքիան ծուղակի մեջ է, ահա եւ ձեզ դավադրությունը: Իգոր Մուրադյան

No comments: