Thursday, August 9, 2012

Իրանն ու Սիրիան ամեն ինչ կանեն Թուրքիային թուլացնելու համար

News.am. 9-8-2012- Տարածաշրջանում Թուրքիայի գերակտիվությունը նրան օգուտի հետ միասին նաեւ վնաս է հասցնում։ Այդ երկիրը ներկայումս արդեն տարածաշրջանային խաղացող է դարձել, սակայն գլխավոր դերում չէ, այլ գործընթացի մասնակից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց թուրքաքետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով տարածաշրջանային զարգացումները: Նշենք, որ տարածարջանային զարգացումների, հատկապես Սիրիայի եւ քրդական հարցի ակտիվացումից հետո, Թուրքիայի հարաբերությունները բավականին վատացել են Իրանի եւ Իրաքի հետ։ Իրանը ուղիղ մեղադրանք է հնչեցրել Թուրքիայի հասցեին սիրիական ընդդիմությանը պաշտպանելու, Սիրիայում արյունահեղության համար՝ զգուշացնելով, որ հաջորդը կարող է լինել Թուրքիան։ Իրաքն իր հերթին դժգոհություն է արտահայտել Դավութօղլուի Քիրքուկ չհամաձայնեցված այցի կապակցությամբ, եւ հայտրարել է, որ մտադիր է վերանայել Թուրքիայի հետ իր հարաբերությունները։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան սեփական քաղաքականության թակարդը չի ընկե՞լ, թուրքագետը նշեց, որ Անկարան չի կարող երկար ժամանակ խուսանավել Արեւմուտքի եւ Իսլամական աշխարհի միջեւ։ «Իսլամական երկրներից ամենանշանակալիներից է Իրանը, որն արդեն հայտարարել է, որ Թուրքիան դավաճանում է համաիսլամական շահերը, եւ, բնական է, որ հակառակ ճամբարում մնացած երկրները՝ Իրանը եւ Սիրիան, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թուլացնեն Թուրքիային. Ես կարծում եմ, որ վերջին զարգացումները այս շարքում վերջինը չեն լինի։ Մենք ամեն օր Թուրքիայի համար ոչ բարենպաստ գործընթացների ականատեսը կլինենք»,- նշեց Մելքոնյանը։

No comments: