Wednesday, August 29, 2012

Մոռացված Վրաստանը

Վրացական ժամանակակից պետականությունը կառուցված է էպատաժային-ցուցադրական
տրամաբանությամբ եւ կոնֆիգուրացիայով, ինչը պայմանավորում է նրա խոցելիությունը, իսկ նրա տրանզիտային-սպասարկման բնույթը, որը գիտակցաբար ստեղծել են վրաց քաղաքական գաղափարախոսները, պայմանավորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի հետաքրքրության որոշակի նվազումն ինչ որ չափով նպաստում է որոշ խնդիրների իրականացմանը, օրինակ՝ Հայաստանի համար, թեեւ ռազմավարական հեռանկարում դա չի համապատասխանում նրա շահերին: Ադրբեջանի համար տարածաշրջանում Արեւմտյան հանրության քաղաքական ներկայության մակարդակի նվազումը հղի է հեռանկարն ընկալելու կորստով: Աբխազիան ու Հարավային Օսիան ապրում են իրենց պետականության ծաղկման շրջանը: Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը տվյալ պայմաններում ավելի ու ավելի ձեռք է բերում տարածաշրջանային սուբյեկտի բնույթ: Վրաստանի համար ԱՄՆ հետաքրքրության նվազումը կհանգեցնի քաղաքական աղետի: Տվյալ չափանիշները կարող են կեղծ կամ իռացիոնալ թվալ, սակայն, իրականության մեջ, դրանում են Հարավային Կովկասի պետությունների գոյության բազիսային պայմանները: Ստեղծվում է տպավորություն, որ վրաց քաղաքական դասը շատ լավ է հասկացել այն վիճակը, որում հայտնվել է իրենց երկիրը, եւ հնարավոր է վրաց ակտուալ ղեկավարները կամ փորձում են վերածնել հետաքրքրությունն իրենց երկրի հանդեպ, կան հարմարվել նոր պայմաններին: Վրաստանն ամենեւին էլ չի կորցրել իր նշանակությունն Արեւմտյան հանրության համար, խոսքն այն մասին է, որ նրա «նշանակության» ներկայիս մակարդակը ստագնացիա է ապրում, այսինքն՝ որոշվել է Վրաստանի դերն ու տեղը ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմավարությունում: Հետաքրքրության առավել բարձր մակարդակ երեւում է առայժմ չի տրվել, սակայն դա նշանակում է քաղաքական հեռանկարի բացակայություն ինչպես երկրի, այնպես էլ քաղաքական էլիտայի համար: Դրա մեջ, անշուշտ, կան բարենպաստ հանգամանքներ, երբ հայտնվելով հարաբերական կայունության եւ տրանսպորտի ու սպասարկման ոլորտներում պահանջվածության վիճակում, Վրաստանը կարող էր հասնել առաջընթացի տնտեսության ու սոցիալական ոլորտներում, քաղաքական հավակնությունների սահմանափակման եւ չեզոքության քաղաքականության էլեմենտների գեներացման պայմանով: Սակայն, ըստ ամենայնի, Վրաստանի արեւմտյան գործընկերները շահագրգռված չեն Վրաստանի տվյալ դիրքորոշմամբ: ԱՄՆ շահագրգիռ է Վրաստանի որոշակի դեկորատիվ-էպատաժային մոդելով, եւ նրա բարեկեցության, անվտանգության հարցերում իր գործընկերների սահմանափակ պատասխանատվությամբ: Ցանկացած երկրի համար, որ համատեղելի է Վրաստանի հետ տարածքով եւ բնակչությամբ, այդ մոդելն իդեալական կլիներ, սակայն Վրաստանի համար նման վիճակը նշանակում է նրա արտաքին «հովանավորության» ձեւաչափի եւ պահվածքի խնամառուական ոճի կրճատում: Վրաց հասարակությունը չի կարող չհասկանալ երկրի նման վիճակի, նրա քաղաքականության եւ առաջնահերթությունների վտանգավորությունը, եւ հնարավոր է՝ ներկայիս ընդդիմադիր ջանքերը նշանակում են ներկայիս իրավիճակի իմաստավորման եւ ավելի կենսունակ ու դինամիկ բան առաջարկելու փորձեր: Սակայն, վրաց հասարակությունը խոր ներքաշված է մտացածին հայեցակարգերի մեջ, եւ դժվար թե որեւէ ակտուալ վրաց գործիչ կհամարձակվի հրաժարվել երկրի եւ նրա էլիտայի գոյատեւման տվյալ մոդելից: Ներկայում, Վրաստանին անհրաժեշտ է պահպանել «առաջանցիկ», դրական զարգացող երկրի իմիջը, եւ դրա համար ծախսվում են նշանակալի միջոցներ: Հնարավոր է՝ դրանում որոշ իմաստ կա, առավել եւս, որ վրացիները հակված են ավելի ռացիոնալ գնահատել քաղաքական ու տնտեսական հեռանկարները եւ, ցավոք, երիտասարդ սերունդն էլ ըստ ամենայնի համակերպվել է դեկորատիվ-էպատաժային ոճին: Դա ըստ էության միակ միջոցն է հանապազօրյա հաց վաստակելու: Ժամանակին, օրինական եւ համաժողովրդական ընտրված նախագահ Զվիադ Գամսախուրդիան ասում էր, որ «վրացիները չպետք է շատ բան սպասեն ոչ արտաքին աշխարհից, ոչ էլ իրենցից»: Պետք է նշել, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ քաղաքական գործիչները, ավելի շատ, քան դեմոկրատները, «կապված են» առանցքային գերատեսչություններին՝ Պենտագոնին եւ ԿՀՎ-ին, ինչը կպայմանավորի ԱՄՆ քաղաքականության որոշակի շրջանակներ մեկ-երկու տասնամյակի համար, թեեւ ոճաբանությունը կարող է այլ լինել: Իգոր Մուրադյան

No comments: