Thursday, September 20, 2012

Թուրքիան փոխել է 24.000 տեղանուն և խեղաթյուրում է պատմությունը. պատմաբան

Tert.am. 20-9-2012- Արևմտյան Հայաստանի կամ, առհասարակ, Թուրքիայի տարածքում գտնվող հայկական նախկին բնակավայրերի անունները շարունակական ձևով և պետական մակարդակով փոխվում են, այս մասին Tert.am–ին ասաց պատմաբան Ռուբեն Մելքոնյանը՝ մանրամասնելով, որ այդ քաղաքականությունը տարվում է դեռ անցյալ դարի սկզբից: Նրա խոսքով՝ հայաստանյան պատմաբանների մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ փոխվել է մոտ 24.000 հայկական տեղանուն, և կան ընդամենը մի քանի պահպանվածներ, որոնցից ամենահայտնիներն են՝ Մուշ, Վան, Սասուն: «Եվ այսօր Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր, անգամ փոքր բնակավայրերի տեղանունները, բլուրները, ձորերը կրում են ոչ հայկական անուններ»,– ասաց նա: «Ինչ վերաբերում է պահպանվածներին, ապա Թուրքիայի իշխանությունների հասցեին երկրի ազգային, ազգայնամոլական շրջանակներից անընդհատ քննադատություն է հնչում, որ անհարիր է Թուրքիա պետության մեջ ոչ թուրքական տեղանունների պահպանումը»,-ավելացրեց թուրքագետը: Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բիթլիս նահանգի պաշտոնյաների կողմից հնչել է առաջարկ՝ Վանա լճի անունը կոչել Դատվանի ծով, Ահլաթի լիճ կամ Բիթլիս Վանի լիճ, ինչը անհանգստացրել է Վանի փոխքաղաքապետին և Վան նահանգի այլ պաշտոնյաների: Ըստ այդմ՝ Վանի փոխքաղաքապետ Սաբրի Աբին հայտարարել է, որ շատ սխալ է Վանա լճի անունը դնել Դատվանի ծով, քանի որ հնուց ի վեր լճի անունը հայտնի է որպես Վանա լիճ, և բոլոր զբոսաշրջիկները գալիս են տեսնելու հենց Վանա լիճը: Սաբրի Աին Բիթլիս նահանգի պաշտոնյաներին նաև կոչ է արել Վանա լճի անունը փոխելու փոխարեն Վանա լճի պահպանությամբ զբաղվել: Անդրադառնալով թեմային՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ տեղանունների փոփոխության գործընթացը սկսվել է դեռ Էնվեր փաշայից (1914 թ. հրաման), որով նա բոլոր նահանգապետերին կարգադրում էր փոխել, այսպես կոչված, «ոչ թուրքական հնչեղություն» ունեցող տեղանունները։ Արդեն Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում ստեղծվում է Տեղանունների փոփոխության հանձնաժողով, որն էլ պարբերաբար փոխում է Արևմտյան Հայաստանի տեղանունները: «Համակարգը հետևյալն է եղել. կամ լրիվ թուրքացրել են այդ տեղանունները կամ հայկական տեղանուններին կցել են թուրքական ածանցներ՝ դրանց տալով թուրքական երանգ»,- մանրամասնեց պատմաբանը։ «Վանա լճի անունը փոփոխելն, առհասարակ, Թուրքիայի իշխանությունների այլատյացության հերթական դրսևորումներից է և, բացի այդ, պատմության խեղաթյուրման հերթական աղաղակող փաստն է: Վան անունն ունի հազարամյակների պատմություն և այդ անվանափոխությունն ուղղակի հավասարազոր կլինի պատմության խեղաթյուրմանը»,– բացատրեց նա: Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ տեղանունների փոփոխությանը զուգահեռ, նախորդ դարի 40-ական թվականներից սկսված Թուրքիայում սկսված է մի արշավ, որի ընթացքում փոխում են անգամ կենսաբանական ու օրգանական՝ կենդանիների ու մրգերի անունները: Ամենացայտուն օրինակներն են՝ Վանա կատուն ու prunus armeniaca-ն` (լատիներենից՝ «հայկական սալոր») ծիրանը: Վանա լճի մասին «Վիքիփեդիա» ազատ էլեկտրոնային հանրագիտարանում նշվում է, որ այն անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Այն գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Լիճը երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է, մակերեսը 3760 քառակուսի կմ է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։

No comments: