Saturday, September 1, 2012

Ադրբեջանը փորձում է թյուրիմացության մեջ գցել Չմիացած երկրների շարժմանը. Է. Նալբանդյան

Tert.am 31.08.12- Թեհրանում Չմիացած երկրների շարժման օգոստոսի 30-31-ը տեղի ունեցած 16-րդ գագաթաժողովին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31-ին ելույթ է ունեցել և ասել, որ Արբեջանն օգտագործում է շարմանն իր անդամակցությունը և փորձում է շարժման անդամ–երկրներին թյուրիմացության մեջ գցել։ «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդհամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ»,– ասել է նա: Նախարարի խոսքով՝ այս պարբերությունը հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս – Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում: «Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր: Ցավոք, 391-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայնորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը»,– ասել է նա: Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Նախարարը նաև նշել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել և մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթաժողովների եւ նախարարական հանդիպումների փաստաթղթերում: «Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին»,– ընդգծել է նա: Այնուհետև նախարարը նշել է, որ իր ողջ պատմության ընթացքում Չմիացած երկրների շարժումը աջակցել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, մինչ Ադրբեջանը իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ՝ քսան անգամ վերջին հինգ տարում, հարձակողական սպառազինությունների հսկայական քանակի ձեռքբերմամբ խախտելով իր միջազգային պարտավորությունների, ուժի կիրառման շարունակական սպառնալիքներով վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությանը և անվտանգությանը: «Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը և ավելին, հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

No comments: