Monday, September 24, 2012

Ահմադինեժադը դատապարտել է թե' հակաիսլամական ֆիլմը, թե' դրա պատճառով ԱՄՆ դեսպանի սպանությունը

Tert.am. 24-9-2012- Իրանը դատապարտում է ցանկացած սադրանք, որը վիրավորում է որևէ ժողովրդի կրոնական զգացմունքները, CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նա քննադատել է ԱՄՆ-ում պատրաստված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը: «Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, սարսափելի էր: Մարգարեին ուղղված վիրավորանքն անընդունելի է: Դա որևէ առնչություն չունի խոսքի ազատության հետ: Դա խոսքի ազատության չարաշահում և հանցագործություն է»,-ասել է Ահմադինեժադը: Հիշեցնենք, որ հակաիսլամական ֆիլմն առաջացրել էր իսլամական աշխարհի զայրույթը, բողոքի ակցիաների ընթացքում տասնյակ մարդիկ էին զոհվել: Սպանվել էր նաև Լիբիայում ԱՄՆ դեսպանը: Ահմադինեժադը դատապարտել է այդ սպանությունը և նշել, որ իրենք չեն ցանկանում, որ աշխարհի որևէ երկրում այդ բախումների հետևանքով նոր մարդիկ զոհվեն: Ահմադինեժադը նաև պատասխանել է հարցին, թե ինչ կանի Իրանը Իսրայելի կողմից հարձակման դեպքում: «Ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի: Իմ հարցը հետևյալն է` ինչո՞ւ է ինչ-որ մեկն իրեն թույլ տալիս սպառնալիքներ հնչեցնել այնպիսի մեծ երկրի վերաբերյալ, ինչպիսինն Իրանն է»,-ասել է նա: Նա հայտարարել է, թե սիոնիստները հակամարտության համար առիթ են փնտրում, որպեսզի իրենց երկրի համար նոր հնարավորություններ ստեղծեն:

No comments: