«Panorama.am», 29.09.2012: Սեպտեմբերի 28-ին Չինաստանի մայրաքաղաքում բացվել է «Ապագան և ներկան» խորագիրը կրող Պեկինի միջազգային 5-րդ կերպարվեստի բիենալեն (5-th Beijing International Art Biennale): Մոտ մեկ ամիս տևող այս խոշոր ցուցահանդեսին ներկայացվել են աշխարհի 85 երկիր ներկայացնող 500 հեղինակների ավելի քան 700 աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, բիենալեի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Չինաստանի պետական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Պատվավոր հյուրերի շարքում էր Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Հայաստանի մշակույթն այս օրերին առանձնհատուկ ուշադրության կենտրոնում է: Բիենալեի շրջանակներում կազմակերպվել են 4 հատուկ ցուցադրումներ, որոնց թվում է «Հայաստանի ժամանակակից կերպարվեստը» խորագիրը կրող առանձնացված ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված են 11 արվեստագետների 33 ստեղծագործություններ: Նման միջոցառման իրականացումը հնարավոր դարձավ Չինաստանում Հայաստանի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ՝ ժամանակակից արվեստի ճանաչված փորձագետ Սոնա Հարությունյանի և բազմաթիվ այլ արվեստագետների անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Անհրաժեշտ է նշել, որ բիենալեի հիմնական թեմատիկ հատվածում նույնպես ցուցադրվում են հայազգի 5 արվեստագետների աշխատանքներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Կիպրոսը և Լիբանանը: Բիենալեին մասնակցելու նպատակով Պեկին ժամանած հայ նկարիչներն այցելել են Հայաստանի դեսպանություն, ուր ծանոթացել են ՀՀ անկախության տարեդարձի և Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ այնտեղ ցուցադրվող հայ ժամանակակից գեղանկարիչների շուրջ 80 կտավներին:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment