Wednesday, September 19, 2012

Հավատարմության երդում Մինսկի խմբին

«Լրագիր» 18-9-2012- Երեւանյան Նովոյե Վրեմյա թերթը, թերեւս զգուշանալով, որ ինչ որ մեկն առաջ կընկնի իրենից Ռուսաստանին ու Մինսկի խմբին նվիրվածություն հայտնելու հարցում, որոշել է վերլուծության հավակնող ծավալուն հայտարարություն անել, հղումներ անելով Ռեգնում գործակալությանը, որպես Մինսկի խմբի առաջատար կողմնակից ու քարոզիչ: «Ռուսաստանյան Ռեգնում գործակալությունը գտնում է, որ տեղի ունեցողը (որքան էլ այն անտրամաբանական թվա) ունի հստակ ռացիոնալ բացատրություն: Հասնելով էքստրադիցիայի եւ ցուցադրաբար ներում շնորհելով մարդասպանին, Ադրբեջանի նախագահը հասավ նրան, ինչին վաղուց եւ բացահայտ ձգտում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցային գործընթացի դադարեցմանը»: «Մինսկի խմբի ձեւաչափի փաստացի փլուզումը համարվում է իրական նպատակի իրագործման կարեւոր պայմաններից մեկը, որին ձգտում են Բաքվում. ղարաբաղյան հակամարտության գոտում վերջ տալ ստատուս քվոյին: Ռուսաստանցի փորձագետների կարծիքով, այս գծի մեջ լիովին տեղավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնում հետայսու վստահ չեն, թե արդյոք իմաստ ունի միջոցառումներ կազմակերպել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում»: Նյութին ամբողջությամբ ծանոթանալու պարագայում կարող է տպավորություն ստեղծվել, թե դա «Երեւանյան քաղքենիների ու մանր բուրժուազիայի» մանիֆեստն է, որտեղ պարունակվում է հավատարմության երդում ոչ միայն եւ ոչ այնքան Մինսկի խմբին, որքան Ռուսաստանին: Կարճ ասած՝ ժամանակը չի, եւ դա երեւանյան հավերժական տրամաբանությունն է, կապիտուլյանտությամբ փաթաթելով ամենայն բան, ինչ անվանվում է «չափավոր հայրենասիրություն սահմանադրության շրջանակներում»: Ճիշտ ժամանակն է հուշարձան դնել Մինսկի խմբին, հիշատակելով երեք տերությունների բոլոր ներկայացուցիչներին, ընդ որում ոչ միայն Երեւանում, այլեւ Ստեփանակերտում: Կարելի է նաեւ ստեղծել Մինսկի խմբի թանգարան, եւ նրա մասին երկրի Սահմանադրության մեջ դրույթ մտցնել: «Ժամանակը չի» տրամաբանությունը միշտ եղել է, նաեւ 1988 թ., ղարաբաղյան շարժման սկզբում, եւ միշտ, երբ պետք է եղել որոշում կայացնել: Վերջապես հայ հասարակությունը միավորվեց, փողոցային ու քաղաքական աղմկոտ թոհուբոհից հետո, Մինսկի խմբի գաղափարական ու քաղաքական առաջնորդությամբ: Ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե հնարավոր բոլոր ինսինուացիաները շարունակություն ունենային, այսինքն՝ հետո՞ ինչ է լինելու: Ենթադրենք, պահպանեցին Մինսկի խումբը, եւ ի՞նչ: Դա կհանգեցնի պատերազմի կանխմա՞նը: Կհանգեցնի ԼՂՀ ճանաչմա՞նը: Ո՞վ է ուժեղանում կամ թուլանում, Մինսկի խմբի գոյության հետեւանքով: Դա թույլ է տալիս ապահովե՞լ զանազան քաղաքական խմբերի արտաքին աջակցությունը: Թույլ է տալիս խաբե՞լ ժամանակը: Հետաքրքիր է, կհիշե՞ն արդյոք Մինսկի խմբի համակիրների անունները, բնակության վայրը եւ հասցեները, թե ամեն ինչ կմոռանան, ինչպես միշտ: Երբ երկիրը եւ հասարակությունը անում են ամեն ինչ, որպեսզի խուսափեն պատերազմից, պատերազմն անպայման կգա, սակայն կհաջողվի՞ արդյոք խուսափել աղետից: Իգոր Մուրադյան

No comments: