Tuesday, September 18, 2012

Դեւիդ Լիդինգթոն. Եվրոպան հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով

Tert.am. 18-9-2012- Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը Եվրոպայի եւ տարածաշրջանի
հետաքրքրությունների շրջանակում է: Այս մասին Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր` սեպտեմբերի 18-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը: «Մեծ Բրիտանիան ցանկանում է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները վերականգնեն խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- հայտնել է Դեւիդ Լիդինգթոնը: Լրագրողների այն հարցին, թե Մեծ Բրիտանիան մտավախություն չունի արդյոք այն առումով, որ Ադրբեջանը կօգտվի այդ երկրում բրիտանական ընկերությունների ներդրումներից եւ կմեծացնի իր ռազմական հնարավորությունը, ինչը տարածաշրջանում անկայունության բարձրացման կհանգեցնի` նա պատասխանել է. «Այն փաստը, որ Ադրբեջանում կան բրիտանական նշանակալից ներդրումներ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ Բրիտանիան նպատակ ունի հասնել խաղաղ հաշտեցմանը եւ Հարավային Կովկասի կայունությանը: Այս տարածաշրջանը մեզ համար պարզապես քարտեզի վրա մի անկյուն չէ: Սրանք եվրոպական տարածություններն են: Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մենք կոմերցիոն հետաքրքրություններ ունենք, որոնք կաջակցեն հաշտեցման գորընթացին: Հենց այս ենք մենք խրախուսում»,-նշել է նախարարը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք մեծ Բրիտանիայի համար ժողովուրդների ինքնորոշման հարցը ընդունելի է, երբ այն բխում է իր շահերից, ինչպես օրինակ Կոսովոյի եւ Ֆոլկլենդյան կղզիների դեպքում էր, իսկ այլ դեպքերում այլ կողմորոշում են ցուցաբերում, Լիդինգթոնը պատասխանել է «Ես կարծում եմ, որ այս հարցը Լեռնային Ղարաբաղին է վերաբերում: Կոսովոն ՄԱԿ-ի 1244 որոշման մեջ է մտել, որն էլ կանոնակարգել է այն եւ որոնց շրջանակներում պետք է դիտել Կոսովոյի հարցը: Ինքնորոշման հարցը համարվում է ԵՀԱԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը: Իհարկե այն պետք դիտարկվի Մինսկի խմբի այլ սկզբունքների հետ նույն խմբում»:

No comments: