Sunday, September 30, 2012

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը ողջունել է Ստեփանակերտի օդանավակայանի բացումը

«Թերթ.am», 29.09.12: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ստեփանակերտի օդանավակայանի սպասվող բացումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Հայանպաստ գործունեությամբ աչքի ընկած կոնգրեսականը համապատասխան հայտարարություն է տարածել, որը թվագրվում է սեպտեմբերի 28-ով: Դրանում Շերմանը անդրադարձել է Ադրբեջանի` քաղաքացիական օդանավերի ուղղությամբ կրակ բացելու սպառնալիքներին և ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել այդ երկրին անհապաղ «զրկել օգնությունից, զենքեր փոխանցելուց և նվազեցնել առնչությունները Ադրբեջանի զինվորականության հետ»: «Օդանավակայնի բացումը Լեռնային Ղարաբաղի` բարգավաճման և խաղաղության ձգտման ապացույցն է: Ես շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ստեփանակերտի օդանավակայանի տպավորիչ վերանորոգման և առաջիկա վերաբացման առիթով: Երևանի հետ ուղիղ օդային կապը կամրապնդի Հանրապետության` իր ժողովրդի համար առավել լուսավոր ապագա կառուցելուն ուղղված ջանքերը», - մասնավորապես ասել է Շերմանը` ընդգծելով. «Ես գիտեմ, որ բացումը մի քանի անգամ հետաձգվել է դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնացող քաղաքացիական օդանավերը խփելու ազերի պաշտոնյաների սպառնալիքների պատճառով»: Շերմանը, այս համատեքստում, նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին «երաշխավորել, որ բռնության գործողություններ չեն ձեռնարկվի թռիչքների դեմ»: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` ի դեմս գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, արձագանքել է այս հայտարարությանը` իր հերթին հայտնելով. «Մենք ողջունում ենք կոնգրեսական Շերմանի սկզբունքային դիրքորոշումը` ի պաշտպանություն Արցախի օդանավակայանի բացման, որը կարևոր ու կենսական կապուղի կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխարհի միջև, քանի որ Ադրբեջանը շարունակում է 24 տարվա շրջափակումը»: Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974-ին: Օդանավակայանը փակված էր 1992-ից ի վեր, մինչև որ 2008-ին Արցախի իշխանությունները ձեռնարկեցին դրա վերաբացումը, չնայած Ադրբեջանի ղեկավարության` ագրեսիա դրսևորելու հոխորտանքին: Վերակառուցված օդանավակայանն ունի թևատարած արծվի տեսք:

No comments: