«NEWS.am», 30.09.2012: Հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի հետ: Պ-ն Հրիստեա, ԵՄ ներկայացուցիչներն արդեն հայտարարություններ արել են Սաֆարովի արտահանձնման եւ ներման կապակցությամբ: Մասնավորապես, անհանգստություն են հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում դրա հնարավոր հետեւանքների առնչությամբ: Կարծում եք ԵՄ-ն կարո՞ղ էր ինչ-որ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: ԵՄ-ն շարունակում է զգալի ավանդ ներդնել տարածաշրջանային կայունության աջակցման գործում: Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները նախկինի պես վտանգում են տարածաշրջանի կայունությունը: Ստատուս քվոն իր բնույթով անկայուն է: Իրենց ներկա վիճակում հակամարտությունները վտանգավոր են, քանի որ իրավիճակի շահարկման հավանականություն կա: ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելուն` ԵՄ-ի տրամադրության տակ եղած գործիքներով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան խաղաղ գործընթացն ապահովելու գործում, որի նպատակը ամուր, համակողմանի, միջազգային իրավունքին համապատասխան կարգավորման ձեռքբերումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները եւս անհանգստություն են հայտնել Սաֆարովի արտահանձնման եւ ներման կապակցությամբ: Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Բաքվից եւ Բուդապեշտից բացատրություններ է ակնկալում: ԵՄ-ն պատրաստվո՞ւմ է միանալ այդ պահանջին, մտադի՞ր է հայտարարել, որ բացատրությունների է սպասում: Թեեւ չեմ կարող խոսել հունգարական կառավարության անունից, կցանկանայի ընդգծել, որ արտահանձնումն առանձին վերցրած համապատասխանում է միջազգային մարդասիրական չափանիշներին, մասնավորապես`Ստրասբուրգյան 1983թ. մարտի 21-ի` դատապարտված անձանց հանձնման մասին կոնվենցիային: Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը, որը դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, հանձնվել էր Ադրբեջանին, որտեղ պետք է կրեր մնացած պատժաչափը: Միեւնույն ժամանակ, ես շատ մտահոգված եմ նրանից, թե ինչ կատարվեց հանձնումից հետո: Թույլ տվեք հիշեցնել սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանում ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի անունից հանձնակատար Վասիլիուի հայտարարությունը: Ադրբեջանի կայացրած որոշումները, ներառյալ պ-ն Սաֆարովին ներում շնորհելը եւ նրա հանցագործության դիմաց պարգեւատրումների քայլերը խոր ափսոսանքի տեղիք են տալիս: Կարող են բարդություններ ծագել ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության օրակարգի հետ կապված: Իրենց հայտարարություններում ԵՄ ներկայացուցիչները անհանգստություն են հայտնում իրավիճակի սրման կապակցությամբ, բայց ոչ մի գնահատական չեն տալիս հանցագործի ներման փաստին: Չե՞ք կարծում, որ դա հակասում է եվրոպական արժեքներին. հանցագործին ներում են շնորհել` չնայած դատարանի որոշմանը: ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները համատեղ հայտարարությունում իրենց անհանգստությունն են հայտնել: Ես եւս հիմնվեցի Եվրախորհրդարանում հանձնակատար Վասիլիուի հայտրարության վրա: Նաեւ առկա է Եվրախորհրդարանի միանգամայն քննադատական բանաձեւը: Ես խորապես մտահոգված եմ խաղաղ գործընթացին եւ վստահությանը հասցված մեծ վնասի կապակցությամբ, որի համար հիմք հանդիսացան պ-ն Սաֆարովի ներումը եւ հերոսացումը: Բացի այդ, ես կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել ոչ միայն գործողություններում, այլեւ խոսքերում: Մենք պետք է շարունակենք աշխատել խաղաղության եւ կայունության հասնելու համար: Այդ նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հավերժական արժեք կունենան:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment