Wednesday, September 19, 2012

Պուտինի անունը սրտներում

«Լրագիր» 18-9-2012- Հայաստանի քաղաքական դաշտի զգալի մասն ըստ երեւույթին խորը հիասթափության մեջ է: ՌԴ նախագահ Պուտինը սեպտեմբերին չժամանեց Հայաստան, ինչպես սպասվում էր, ու ինչպես տեղեկատվական հոսքում էր հայտնվել դեռ մի քանի ամիս առաջ: Պուտինի գալու առիթ պետք է լիներ ՀԱՊԿ զորավարժությունը: Հայաստանում առաջին անգամ տեղի էր ունենալու կազմակերպության արագ արձագանքման ուժերի մասշտաբային զորավարժություն: Պուտինի, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների Հայաստան ժամանումը այդ պարագայում կդիտվեր միանգամայն տրամաբանական: ՀԱՊԿ ոչ պաշտոնական Վեհաժողովի սպասումները բավական մեծ էին, դրանք ոչ պաշտոնական տեղեկատվությունների մակարդակով նաեւ հայտնվում էին մամուլում: Սակայն, այդպես էլ ոչ մի նախագահ չեկավ Հայաստան: Սեպտեմբերի 18-19-ին Հայաստան է ժամանելու ՌԴ պաշտպանության նախարարը, ինչը նշանակում է, որ Պուտինը Հայաստան չի գալու: Ընդհանրապես, ՀԱՊԿ նախագահների չժամանումը բավական ստվերեց, հասարակացրեց Հայաստանում տեղի ունեցած զորավարժությունը: Ավելին, դրան զուգահեռ Ռուսաստանը մասշտաբային զորավարժություն էր կազմակերպել Հյուսիսային Կովկասում՝ Կովկաս-2012 խորագրով: Այդպիսով կարծես թե ընդգծվում էր, որ ՀԱՊԿ զորավարժությունը Ռուսաստանի համար տվյալ պահին այնքան էլ կարեւոր չէր: Թվում է հակառակը՝ Ռուսաստանը պետք է շահագրգռված լիներ Հարավային Կովկասում իր «մկանները» ցույց տալու ուղղությամբ: Դրա համար ՌԴ-ն կարող էր հնարավորինս բարձր, թեկուզ վարչապետ Մեդվեդեւի մակարդակի ներկայություն ապահովել զորավարժությանը, նաեւ այդպիսով խթանելով Երեւանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական Վեհաժողովի անցկացումը: Միգուցե պաշտոնական Երեւանը գոնե Մեդվեդեւի հույս ուներ, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին իր նախագահական դիրքը թողած շնորհավորական ուղերձ էր հղում Մեդվեդեւի ծննդյան կապակցությամբ: Բայց Մեդվեդեւն էլ չեկավ: Ռուսաստանը կարծես թե փորձեց հնարավորինս նվազեցնել նշաձողը: Ինչու՞: Մոսկվան երեւի թե ինչ որ բանի համար նեղացել է Հայաստանից, փորձում է «պատժել» կամ այդպիսով նախատել պաշտոնական Երեւանին: Չի բացառվում, որ այստեղ դեր է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի այցը տարածաշրջան, այդ թվում եւ Հայաստան: Ռասմուսենը եկավ այն ժամանակ, երբ ըստ ամիսներ առաջ շրջանառված լուրերի պետք է գար Պուտինը: Հավանաբար Մոսկվան պահանջել է, որ Երեւանը հրաժարվի նրան ընդունելուց: Երեւանը գուցե Մոսկվայի պահանջից է հրաժարվել, ինչից հետո էլ Պուտինը վերջնականապես հրաժարվել է Հայաստան ժամանելու մտքից: Իսկ Հայաստանում նրան հավանաբար սպասում էին: Ընդ որում, ինչպես երեւում է, սպասում էին բոլոր մակարդակներում՝ թե իշխանական, թե ընդդիմադիր: Պատահական չէ երեւի, որ հենց այս օրերին Հայ ազգային կոնգրեսի համակարգողի ու Հայաստանում ՌԴ դեսպանի միջեւ հանդիպում տեղի ունեցավ: Նաեւ միգուցե պատահական չէ, որ հենց այդ ֆոնին Սերժ Սարգսյանը որոշեց գրոհ սկսել «ատկատների», պետական գնումների, դեղերի շուկայի դեմ, հանձնարարություններ տալով Գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին: Ըստ ամենայնի, Սարգսյանը Մոսկվայի ժեստն ընդունել է որպես անբարյացակամություն ու ազդանշան կամ վտանգ՝ որ այդպիսով Կրեմլը որոշակիորեն ունի ԲՀԿ-Կոնգրես տանդեմը ակտիվացնելու եւ առաջ մղելու մտադրություն: Սերժ Սարգսյանը գուցե այդ պատճառով որոշեց կանխարգելիչ հարված հասցնել եւ ակնարկել, որ պատրաստ է ընդունել մարտը, եթե դրվում է իշխանության խնդիր: Սերժ Սարգսյանը կառավարության խորհրդակցությունում հենց այդ խնդիրը դրեց, առաջնային դիրքեր մղելով գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին, որոնք ըստ էության պետք է ապահովեն Տիգրան Սարգսյանի թիկունքը ներիշխանական “ռեակցիոն” ուժերի, նույնն է թե իշխանության Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող հատվածի զսպման եւ չեզոքացման դեմ պայքարում: Ի դեպ, այդ տեսանկյունից պակաս հետաքրքրական չէ նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը գրեթե նույն մարտավարությանը դիմեց սաֆարովյան պատմությունից անմիջապես հետո. զգալով, որ իր իշխանությունը հայտնվել է արտաքին բավական խոցելի դիրքում, նա կարծես թե անմիջապես փորձեց ապահովել թիկունքը՝ ապահովագրվելով ներսից հարվածներից: Գորիկ Գուրգենիչին նա “հատուկ հանձնարարություն” տվեց, որի բովանդակությունը հանրության լայն շերտերի համար մնաց գաղտնի, սակայն ներքաղաքական շերտերը թերեւս հասկացան, թե որն է այդ հանձնարարության բուն իմաստը: Ըստ երեւույթին, դրանով է նաեւ պայմանավորված, որ թեժ սեպտեմբերը կարծես թե չի ստացվում, ինչպես Պուտինի անունը սրտներում խոստանում էին շատ ուժեր: Ջեյմս Հակոբյան

No comments: