Saturday, September 22, 2012

Արցախի նախագահ. Պետք է պայքարենք միասին ու համախմբված

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Անկախության տոնի առթիվ: Այդ օրվա մասին հայ ժողովուրդը երազել է դարեր շարունակ: Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում: Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, տոն, որը միավորում է մեզ մեկ գաղափարի շուրջ: Դա հզոր ու զարգացած Հայրենիք ունենալու վեհ գաղափարն է, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, հանուն որի մենք պետք է շարունակենք պայքարել` ամեն օր ու ամեն ժամ մի քայլ առաջ գնալով նրա իրականացման ուղով: Պետք է պայքարենք միասին ու համախմբված` շարունակաբար ամրապնդելով ու կրկնապատկելով մեր հաղթանակներն ու հաջողությունները, նվաճումներն ու ձեռքբերումները: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում` ի փառս Մայր Հայաստանի պայծառ ու լուսավոր ապագայի»:

No comments: