
News.am. 31-8-2012- Թեհրանում «Չմիացած երկրների շարժման» գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով Նալբանդյանին՝ Իրանի նախագահը ջերմությամբ է հիշել անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում:
Իրանի նախագահը խնդրել է ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորել Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար: Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորել երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկել համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով: Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւավորումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրների: Էդվարդ Նալբանդյանի հանդիպում է ունեցել նաեւ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։ Նախարարները անդրադարձան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների:
No comments:
Post a Comment