Sunday, September 30, 2012

Հաղպատից մինչև Ծիծեռնակաբերդ. National Geographic-ը հրապարակել է իր ֆոտոմրցույթի աշխատանքները (լուսանկարներ)

«Թերթ.am», 29.09.12: National Geographic ամերիկյան հանդեսը հրապարակել է իր ամենամյա մրցույթի այս տարվա հայտերի մի մասը՝ ավելի քան 3 000 աշխատանքներ: Դրանց թվում կան նաև Հայաստանը ներկայացնող գործեր: Ուշագրավ է, որ դրանք ոչ տեղացի հեղինակների աշխատանքներ են: Առայժմ խոսքը մի քանի լուսանկարների մասին է, որոնք, սակայն, տիպական են Հայաստանի մասին «արտասահմանյան պատկերացումների» առումով. հրապարակված աշխատանքներում պատկերված են Հաղպատը, Ծիռենակաբերդը և մի տեսարան Լոռիի հեռավոր գյուղերից: Սակայն հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը, ուստի հնարավոր է ավելի շատ աշխատանքներ ներկայացվեն Հայաստանի վերաբերյալ: Հաղթողին սպասում է 10 000 ԱՄՆ դոլարի մրցանակ: Ծիծեռնակաբերի լուսանկարը վերնագրված է «Հայերի հիշատակի օրը» (հեղինակ՝Tamsin Carlisle ), իսկ կից տեքստը պատմում է «ամեն ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաքում տիրող մռայլ մթնոլորտի» մասին: «Ինքնավերլուծություն» (հեղինակ՝ Nar Gulvartian) վերնագրված սև-սպիտակ լուսանկարը ներկայացնում է պատուհանից դուրս նայող լոռեցի կնոջը: «Հանդարտ վայր՝ Հայատանում հանգստանալու համար». այսպես է վերնագրված Հաղպատի վանքի լուսանկարը (հեղինակ՝ Martha Bodyfelt): Աշխատանքները ներկայացված են տարբեր անվանակարգերում՝ «Ճամփորդական դիմանկարներ», «Վայրեր»: Սրանցից բացի Արարատի ֆոնին Խոր վիրապի լուսանկարը զարդարում է Travel National Geographic-ի կայքը:

No comments: