Sunday, October 28, 2012

Ղարաբաղի համար նոր պատերազմը ավելի կործանարար կլինի, քան 20 տարի առաջ. The Huffington Post

HayNews.am. 27-10-2012- «1962 թվականի Կարիբյան ճգնաժամը առանձնանում է ոչ միայն նրանով, որ
մարդկության պատմության մեջ ամենավտանգավոր պահերից մեկն էր, այլ նաև նրանով, որ դարձավ երկու գերտերությունների միջև մանրամասնորեն հետազոտված հակամարտությունը, որն ավարտվեց խաղաղ ճանապարհով»,- այս մասին իրենց «Կարիբյան ճգնաժամի 7 դասեր Արցախյան հակամարտության համար» վերտառությամբ հոդվածում գրում են Հարվարդի համալսարանի Բելֆերի կենտրոնի գիտաշխատող և ԱՄՆ-Ռուսաստան միջուկային ահաբեկչության կանխարգելման նախաձեռնության անդամ Սիմոն Սարաջյանը և Արթուր Սարաջյանը: Նրանց հոդվածը հրապարակվել է հեղինակավոր The Huffington Post թերթում: Հոդվածի հեղինակները նշում են, որ 1962 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հակամարտության վերլուծությունները կարող են անփոխարինելի օրինակ ծառայել միջպետական հակամարտությունների կառավարման համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ բացառություն չէ: Իհարկե, այս երկու հակամարտությունների միջև կան տարբերություններ՝ հայկական և ադրբեջանական զինանոցներում միջուկային զենքի բացակայությունը: Սակայն, միևնույն է կան արժեքավոր դասեր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը պետք է քաղեն 1962 թվականի ճգնաժամից»,-նշում են հեղինակները: Այսպիսով, առաջին դասը՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է վերանայեն իրենց զինված ուժերը՝ պատահական գործընթացներից խուսափելու համար, որը կարող է հակամարտությունը վերածել պատերազմի: Երկրորդ, կողմերը պետք է իրենց մտքում պահեն, որ հակամարտության շիկացումը կարող է ձեռք բերել իր սեփական տրամաբանությունը: Եթե ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հրամայեր ներխուժել Կուբա, ԽՍՀՄ-ն կարող էր որպես պատասխան հարվածել Թուրքիայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքերին՝ հակամարտությունը վերածելով միջուկային պատերազմի: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է քննարկեն ռազմավարական խաղերի ուղղությունը: Երրորդ, պետք է թեժ կապ հաստատվի Երևանի և Բաքվի միջև:Ըստ հեղինակների Կուբայի հակամարտության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին և ԽՍՀՄ ղեկավար Խրուշչովը չունեին այս հնարավորությունն այն ժամանակ, ինչը, ըստ հեղինակների, վատ է անդրադարձել հակամարտության կարգավորման վրա: Հեղինակները նշում են, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ուղղեն այս սխալը: Չորրորդ, ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը չպետք է հույսեր փայփայի, որ հակառակորդ կողմը կնահանջի: Հինգերորդ, երկու կողմերն էլ պետք է խուսափեն հակառակորդին պատին սեղմելուց: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պետք է խուսափեն ոչ միայն հակառակորդին պատին սեղմելուց, այլ այնպես անեն, որ իրենք չհայտնվեն նման իրավիճակում: Վեցերորդ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է հաշվի առնեն շահագրգիռ կողմերի ռեակցիան: Յոթերորդ, երկու առաջնորդները պետք է խուսափեն արկածախնդրային քայլերից: Հեղինակները հոդվածը եզրափակում են հետևյալ տողով.«Ղարաբաղի համար նոր պատերազմը ավելի կործանարար կլինի, քան 20 տարի առաջ»:

No comments: