Sunday, October 28, 2012

Թուրքիան Իսրայելին է վերադարձնում 3 անօդաչու սարք և փոխհատուցում պահանջում

1in.am. 28-10-2012-Թուրքիայի ՊՆ-ն որոշում է ընդունել 3 անօդաչու ինքնաթիռները Իսրայելին վերադարձնելու և համաձայնագրի պայմանների չկատարման համար փոխհատուցում պահանջելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Հաղորդագրության համաձայն` ինքնաթիռները Թուրքիան գնել է 4 տարի առաջ 15 մլն դոլարով: Ինքնաթիռներից մեկը կործանվել է Թուրքիայի հարավ-արևելքում, ևս երկուսը, թուրքական կողմի հավաստմամբ, վերջին 8 ամիսներին չեն օգտագործվում տարբեր թերությունների պատճառով: Թե կոնկրետ ի՞նչ ապարատների մասին է խոսքը` թուրքական ԶԼՄ-ները չեն հստակեցնում: Անկարայում հաստատում են, որ Իսրայելը հրաժարվել է կատարել համաձայնագրով սահմանված` օդանավերը վերանորոգելու իր պարտավորությունները, որից հետո անսարք օդանավերը վերադարձնելու և տուգանքի ու վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշում է կայացվել: Times of Israel-ի փոխանցմամբ՝ թուրքական հավակնությունները վերաբերում են «Ավիացիոն արդյունաբերության» արտադրած Heron-1 տեսակի անօդաչու օդանավերին, սակայն իսրայելական կոնցեռնի ներկայացուցիչները հավաստում են, որ չգիտեն, թե կոնկրետ ինչ հավակնությունների մասին է խոսքը:

No comments: