Thursday, October 25, 2012

ABC News. Ալիեւի արձանը զայրացնում է Մեխիկոյի բնակիչներին

NEWS.am-ը ներկայացնում է «ABC News» կայքում հրապարակված Մանուել Ռուեդայի հոդվածը, որոշ
կրճատումներով: Մեխիկոյի այգիներից մեկում տեղադրված Ալիեւի արձանը զայրացնում է որոշ բնակիչների: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը մեղադրվում է իր ընդդիմախոսներին բանտերը նետելու, տեղի մամուլը ճնշելու եւ ադրբեջանական մաֆիայի հետ կապերի շնորհիվ հարստանալու մեջ: Ինչպե՞ս է բրոնզե այդ արձանի համար տեղ հատկացվել Մեխիկոյի Բարեփոխումների այգում, Գանդիի եւ Մարթին Լյութեր Քինգի արձաններից ոչ հեռու: Պարզվում է, որ Ադրբեջանի դեսպանատունը 5 մլն դոլար է ծախսել Մեքսիկայի մայրաքաղաքում երկու այգիների ստեղծման համար: Նման շռայլ աջակցության դիմաց նավթով հարուստ Ադրբեջանին թույլ է տրվել քաղաքի այգիներից մեկում տեղադրել Հեյդար ԱԼիեւի արձանը: Այս արձանի հետ կապված վրդովմունքը հանգեցրել է բողոքի ակցիայի, որին մասնակցել է 20 մարդ: Նրանք ցանկացել են ինչ-որ բան իմանալ Ադրբեջանի պատմության մասին: Հոկտեմբերի սկզբին BBC-ին զրուցել է մեքսիկացի լրագրող Անդերս Լահուսի հետ, ում հետաքրքրում է, թե արդյոք Մեխիկոյի իշխանությունները հավանություն տվե՞լ են Ալիեւի արձանի տեղադրմանը եւ արդյոք գումար վերցրե՞լ են Ադրբեջանից, որովհետեւ հույս են ունեցել, որ Մեքսիկայում ոչ ոք չի իմանա Ալիեւի վարկի մասին: «Նրանք չէին կանգնեցնի Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի արձանը, նույնիսկ եթե նա դրա համար հսկայական գումարներ վճարեր, սակայն Ադրբեջանն այնքան հեռու է եւ մենք այնքան քիչ բան գիտենք այդ երկրի մասին»,-BBC-ին ասել է Լահուսը: Այդուհանդերձ, Ալիեւի արձանը դեռ իր տեղում է, թեեւ Մեքսիկայի մտավորականության որոշ ներկայացուցիչներ իրենց վրդովմունքն են հայտնել այդ կապակցությամբ: Երկուշաբթի Մեխիկոյի իշխանությունները հանձնաժողով են ստեղծել, որը պետք է առաջարկներ ներկայացնի վիճելի արձանի հետագա ճակատագրի հետ կապված: «Մենք հանձնաժողով ենք ստեղծել՝ կազմված հայտնի հասարակական գործիչներից, որոնք հսկայական հեղինակություն ունեն եւ կառաջարկեն, թե ինչպես կարող է քաղաքը դուրս գալ այս պատմությունից»,-ռադիոյին տված հարցազրույցում ասել է Մեխիկոյի քաղաքային զարգացման քարտուղար Ֆելիպե Լեալը: Նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւին մեղադրում են երկրում գրաքննություն կիրառելու, ընդդիմությանը ճնշելու, եւ 9,2 մլն բնակչություն ունեցող երկրում անձի պաշտամունք ձեւավորելու մեջ, որտեղ ըստ Վիքիպեդիայի, յուրաքանչյուր քաղաքում կա Ալիեւի անվան փողոց: Հեյդար Ալիեւի որդին՝ Իլհամ Ալիեւն իշխանությունը ստացել է 2003-ին, ով եւս Human Rights Watch-ի կողմից մեղադրվում է լրագրողներին բանտերը նետելու, խաղաղ ցույցերը ճնշելու եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

No comments: