Thursday, October 25, 2012

Թուրքական բանտերում հարյուրավոր քրդեր 40 օր է հացադուլ են անում

Tert.am. 24-10-2012- Թուրքական բանտերում արդեն 40 օր է հացադուլ է անում 680 քուրդ կալանավոր, հայտնում է «Հաբերլեր» կայքը։ Կալանավորները հրաժարվում են սննդից, խմում են միայն քաղցր կամ աղի ջուր և ընդունում վիտամիններ։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց օգտագործել քրդերենը հասարակական վայրերում և այդ լեզվով պաշտպանության հնարավորություն տալ մեղադրյալներին։ Հացադուլի մասնակիցները պահանջում են դադարեցնել նաև Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը, ով ցմահ ազատազրկված է թուրքական բանտերից մեկում։ «Մեզ համար թանկ է յուրաքանչյուր րոպեն։ Մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ։ Մենք կհասնենք մեր ուզածին կամ կմահանանք բանտում, սակայն չենք դադարեցնի այս ակցիան»,- հայտարարել է կալանավորներից մեկը։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հացադուլի մոտ 20 մասնակից գտնվում է ծայրահեղ վիճակում և շտապ բուժօգնության կարիք ունի։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թուրքական իշխանություններին կոչ է արել պատժամիջոցներ չկիրառել կալանավորների հանդեպ։

No comments: