Sunday, October 21, 2012

Սաուդացի դեսպանի սպանության փորձի մեջ մեղադրվողի խոստովանությունը հոգեբանական ճնշման արդյունք է. Իրան

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նպատակով դավադրության մեջ ամերիկյան իշխանությունների կողմից մեղադրվող Մանսուր Արբաբսիարի հայտարարությունը, թե հանցագործության նախապատրաստմանը մասնակցել են իրանական հատուկ ծառայությունները: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Իրանի ԱԳՆ-ում նշել են, որ փաստն առ այն, որ Արբաբսիարը իր խոստովանությունն արել է բանտում մեկ տարի անցկացնելուց հետո, վկայում է նրա վրա հոգեբանական ճնշման գործադրման մասին, մասնավորապես` նա փակված է եղել միայնակ: Գերատեսչությունն ընդգծել է, որ «ոչ մի իրանական կազմակերպություն» մասնակցություն չի ունեցել դավադրությանը: Ծագումով Իրանից, Իրանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող Մահմուդ Արբաբսիարը սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում` դատական լսումների ժամանակ, ընդունել էր իր մեղքը դեսպանի սպանությունը ծրագրավորելու մեջ:Արբաբսիարը հայտարարել էր, որ սկզբում նախատեսվում էր փախցնել դեսպանին, սակայն այնուհետև որոշվել է նրան սպանել` ռեստորանում պայթյուն իրականացնելով: Ամբաստանյալի խոսքով՝ մտածածն իրագործելու հարցում իրեն օգնել են իրանական հատուկ ծառայությունները: Սաուդացի դեսպանի դեմ ահաբեկչական դավադրության բացահայտման մասին հայտարարվել էր 2011 թվականի հոկտեմբերի 11-ին: ԱՄՆ-ը մինչ նրա խոստովանությունը կարծում էր, որ մահափորձի նախապատրաստման ետևում կանգնած է պաշտոնական Թեհրանը: Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ այդ դավադրության մասին: Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նման հայտարարությունն անվանել է «ծիծաղաշարժ» և նշել, որ դա Իրանին և Սաուդյան Արաբիային գժտեցնելու փորձ է:

No comments: