Tuesday, October 23, 2012

Ադրբեջանին կստիպեն դուրս գալ պատյանից

Ժամանակակից աշխարհում հնարավոր է ամեն ինչ, միայն թե վճարվի: Դրանում, ինչպես ոչ այլ ոք, վստահ է Ադրբեջանի ղեկավարությունը, եւ ոչ միայն ղեկավարությունը: Վճարելով չափազանց շատ, ադրբեջանցիներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես գնահատեն արդյունքները, եւ ընդհանրապես ինչը համարեն արդյունք: Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ու քարոզչությունը չափազանց թանկ են նստում, եւ նրանց շահերի համար աշխատում են շատերը: Ժամանակ առ ժամանակ Բաքվում տեղի են ունենում սկանդալներ ու ռազբորկաներ՝ «իսկ ինչի՞ համար են մենք վճարում» թեմայով: Սակայն, ծախսերի թափանիվը գործի է դրված, եւ այն անհնար է կանգնեցնել: Առավել եւս, որ տվյալ միջոցների ահռելի մասը մնում է ֆունկցիոներների ողջ հիերարխիայի գրպանում: Այս փուլում ադրբեջանական արտաքին քաղաքականությունը եւ քարոզչությունը տապալված են, թեեւ «բուդապեշտյան սրիկայություն» գործողությունն անցկացվեց բավական լավ, եւ նման բաները ժամանակ առ ժամանակ կրկնվելու են: Ադրբեջանի համար կյանքը դժվար է, քանի որ ադրբեջանցին, ինչպես նախկինում, մնում է «կեպիով եւ երկիմաստ քայլվածքով մարդ»: Այնուամենայնիվ, Բաքվում չգիտեն ինչ նախաձեռնել հաջորդ փուլում, եւ նախկինի պես կարող են հույս դնել միայն փողի վրա: Մեծ անհանգստություն է առաջացել Հարավային Դաղստանի հարցում, որը գտնվում է Ադրբեջանի վարչական սահմանում: Ներկայում ռուսները բուռն գործունեություն են ծավալել սեփական հողում պատանդ դարձած լեզգիների, ավարների եւ դաղստանյան այլ ժողովուրդների հանդեպ սեփական դիրքորոշումը եւ քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ: Վերջին ամիսներին պարզվել է, որ Ադրբեջանի ավելի քան 150 գործակալներ, որոնք իբր նրա համար աշխատում էին առնվազն 15 տարի, իրականում լիովին Ռուսաստանի հակահետախուզության վերահսկության տակ էին: Իսկ այն փողը, որը վճարվում էր այդ գործակալներին, իրականում մտնում էր ռուսաստանյան հատուկ ծառայությունների դրամարկղ: Եթե 6-7 տարի առաջ Ադրբեջանը Դաղստանի տարածքում դաղստանցի հասարակական ակտիվիստների համար հատկացնում էր մոտ 15 միլիոն դոլար, ապա ներկայում Դաղստանում միայն սեփական «կրեատուրան» պահելու համար ադրբեջանցիները ծախսում են 8-10 միլիոն դոլար: Դժվար է ենթադրել, թե ընդհանուր առմամբ որքան միջոցներ են ծախսվում դաղստանյան ուղղությամբ, սակայն ներկայում պարզ է դարձել, որ Բաքուն պատրաստ է գնել եւ վճարել, այդ թեմայի շուրջ աշխատելով ռուսաստանյան քաղաքական գործիչների, փորձագետների ու ԶԼՄ-ների լայն շրջանակի հետ: Լեզգի եւ ավար ակտիվիստները տեղեկություններ եւ ապացույցներ ունեն Հարավային Դաղստանում էթնիկ զտումների ծրագրերի մասին: Սակայն, այդ ակտիվիստները մինչ այժմ գտնվում են Ռուսաստանի հետ կապված հույսերի ուժեղ «հմայքի» տակ, եւ զգուշանում են այդ տեղեկատվության տարածումից, այն տրամադրելով միայն ռուսներին: Ընդ որում, չի բացառվում, որ ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչների ու փորձագետների միջոցով այդ տեղեկատվությունը փոխանցվում է ադրբեջանցիներին: Հասկանալի է, որ լեզգի եւ ավար գործիչները բախվել են բավական բարդ իրողությունների, որոնք կապված են ինչպես հասարակական-քաղաքական անբավարար պոտենցիալի, այնպես էլ Մոսկվայի ու Մախաչկալայի հետ հարաբերությունների բացասական փորձի հետ: Ներկայում իրավիճակը նկատելիորեն փոխվել է, սակայն խնդիրները մնում են: Ռուսական հակահետախուզությունը լավ աշխատանք է տարել Դաղստանում երկար տարիներ ստեղծված Ադրբեջանի գործակալական ցանցը չեզոքացնելու ուղղությամբ: Դա հայտնի է դարձել կամ արտահոսքի, կամ մոսկովյան քաղաքական շրջանակներում տեղեկատվության խառը հոսքի շնորհիվ: Դա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ տեղական բնակչության ծայրահեղ աղքատության պայմաններում, որոշ մարդիկ գերադասում են համագործակցել ում հետ ասես, հանուն ոչ մեծ վճարի: Ընդ որում, ադրբեջանցիները որպես սեփական գործակալներ օգտագործում են մի ժողովրդի ներկայացուցչին մեկ այլ ժողովրդի շահերի դեմ: Պետք է նշել, որ լավ հայտնի թուրքական հատուկ ծառայությունը նույնպես ակտիվ աշխատում է ինչպես Դաղստանում, այնպես էլ Հարավային Դաղստանում: Դա երբեմն հանգեցնում է թուրքերի ու ադրբեջանցիների թերհասկացությանը, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը նկատելի տարբերվում են, այդ թվում հյուսիսկովկասյան ուղղությամբ: Թուրքերը միշտ ձգտել են եւ ներկայում էլ կարեւոր դեր են խաղում դաղստանյան իսլամական շարժումն ակտիվացնելու ուղղությամբ, թեեւ այդ ոլորտում այնքան էլ կարեւոր դիրքեր չունեն: Ադրբեջանը նույնպես Դաղստանում անկայունություն կցանկանար, սակայն, ի տարբերություն թուրքերի, չէր ցանկանա այդ անկայունության տրանսֆորմացիան իր տարածք: Սակայն, կասկած չկա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համակարգում են ջանքերը եւ համագործակցում են այդ ուղղությամբ: Ռուսաստանի քաղաքական շրջանակներում Հարավային Դաղստանի խնդրի կապակցությամբ ձեւավորվել է երեք կարծիք: Ոմանց այդ խնդիրը խորապես օտար է, նրանք գտնում են, որ չկա որեւէ հույս, որ իրադարձությունները կծավալվեն հօգուտ Ռուսաստանի շահերի: Քաղաքական գործիչների մեկ այլ «խումբ» գտնում է, որ տվյալ քննարկումը չարժե տարածել եւ հանել հրապարակային ոլորտ, եւ այն պետք է մնա հատուկ մշակումների ոլորտում: Եվ վերջապես, երրորդները՝ առավել «արկածախնդիր» գործիչները, ովքեր հասկանում են Հարավային ու Հյուսիսային Կովկասի իրական հեռանկարները, գտնում են, որ Ադրբեջանը չափազանց երկար մնաց հարմարավետ պայմաններում, շնորհիվ Ռուսաստանի ծառայությունների, եւ եկել է պետական այդ կազմավորման մասնատմանը ձեռնամուխ լինելու ժամանակը: Այսպես թե այնպես, Ադրբեջանին ավելի ու ավելի են ստիպում դուրս գալ ոչ հրապարակային քաղաքականության պատյանից եւ արձագանքել տարբեր եւ չափազանց լուրջ նոր մարտահրավերներին: Իգոր Մուրադյան

No comments: