Wednesday, October 31, 2012

Ադրբեջանն այլեւս Վրաստանի էներգետիկական միակ գործընկեր չի դիտվում

News.am. 31-10-2012- Վրաստանի նոր կառավարությունն Ադրբեջանն այլեւս էներգետիկական միակ գործընկեր չի համարում: Վրաստանի էներգետիկայի նոր նախարար, հայտնի նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն հայտնել է, որ 2013թ.-ից երկրին պարտադիր հարկավոր կլինի Ռուսաստանից էլեկտրաէներգիա ներկրել: «Մենք այդ թեմայով պատրաստ ենք համագործակցել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ: Պատրաստ ենք հանդիպել, շարունակել բանակցությունները, որպեսզի նորմալ հարաբերություններ լինեն», - ասել է Քալաձեն: «Քվելա Սիահլե» («Բոլոր նորությունները») թերթի հետ հարցազրույցում Քալաձեն նաեւ նշել է, որ մտադիր է պարզել, թե որքանով է օրինական Վրաստանում Ռուսաստանի կողմից էներգետիկական օբյեկտների ձեռքբերումը: «Այն, ինչը վաճառվել է, հեշտ չի լինի հետ բերել: Պարզապես կպարզեմ` որքանով է դա օրինական եղել», - ասել է նա: Միաժամանակ Էկոնոմիկայի նախարար Գեորգի Քվիրիքաշվիլին հայտարարել է ռուսական էներգետիկների հետ պայմանագիրը վերանայելու մասին`բնակչության համար սակագինը նվազեցնելու նպատակով: «Միանգամայն անարդար է, որ Վրաստանի քաղաքացին նույն սակագինն է վճարում, որը որ զարգացած երկրի քաղաքացին»,- ասել է նախարարը: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը վերահսկում է Վրաստանի արտադրական հզորությունների մինչեւ 20%-ը եւ այդ երկրի ցանցային խոշորագույն` «Թելասի» ԲԸ-ի բաժնետոմսերի 75%-ի սեփականատերն է: Մնացած 25% բաժնետոմսերը պետության տնօրինության տակ են: Ռուսական ընկերությանն են պատկանում նաեւ մի շարք ՀԷԿ-եր: Ավելի վաղ Վրաստանը նախատեսում էր էլեկտրաէներգիա ներկրել Ադրբեջանից` Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրաէներգիական արտահանման միջացք ստեղծելու ծրագրի շրջանակում:

No comments: